Զվարճացնում են բոլորը, ովքեր լրջորեն քննարկում են նոր Սահմանադրության նախագիծը

12363_bԻնձ անկեղծորեն զվարճացնում են բոլորը, ովքեր լրջորեն քննարկում են նոր Սահմանադրության նախագիծը և գտնում կետեր, որոնք «ամենևին ժողովրդավարական չեն»: Սակայն միանգամայն լուրջ մտածում եմ՝ ի՞նչ են ծխել այս մարդիկ:

Տղերք, Սերժ Սարգսյանն իր տատուց հեռու չի գնացել, նա ձեզ հենց դրա համար է հավաքել Նախագծի շուրջ: Որպեսզի իմ նման ձեզ վրա ծիծաղի: Կներեք, իհարկե, ձեզ վրա ծիծաղելն իմ գործը չէ: Եվ ընդհանրապես այստեղ ծիծաղելու բան չկա: Սակայն ծիծաղս գալիս է այն մտքից, երբ ինքս իմ աչքին ձեզանից խելոք եմ երևում: Համաձայնեք, որ դա ծիծաղելի է: Բայց, ախր, Սերժ Սարգսյանի ծիծաղն այդպիսին չէ: Նրա ցանկացած «հումորի» թիկունքում ձեր անգիտության կամ հաճախորդության ականջներն են: Առանց այդ ականջները դիտարկելու, նա «մանանեխի հատիկի» չափ ռիսկ էլ չէր ունենա ձեզ փչացնելու: Նա ձեր ձեռքը մի փաստաթուղթ է տվել, որն ամենևին էլ ձեր ինքնաարտահայտման բովանդակային թուղթը չէ: Դա փաստաթուղթ է այն մասին, որ ինքը չի ուզում իշխանությունը զիջել՝ հոկտեմբերի 27-ի բացահայտում կա, մարտի 1 կա, 4-5 միլիարդ դոլարի կարողություն կա, որը նա պիտի,-ընդունեք, որ դրա «իրավունքն» ունի,- ատամներով պահի, ընտրակեղծարարությունների և 1998-ից առ այսօր բոլոր ընտրությունների կեղծման համար պատասխանատվություն կա, դատավորների կայացրած դատավճիռներում անձնական զանգերի կամ հրահանգների բացահայտում կա, «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ» արտահայտության համար օրենքով պատասխան տալ կա: Եթե խորանաք, կտեսնեք, որ վաղուց նրա ծիծաղն էլ չի գալիս: Բայց կաք դուք: Եվ այդքանը հերիք է, որ ծիծաղելուց բացի այլ գործով չզբաղվի: Տղերք, շատ վիրավորական չէ՞, որ ձեր իրական տերը ձեզ հետ այդքան անկեղծ չէ: Ասենք, թե մարդու ԿԳԲ-ական անցյալը թույլ չի տալիս անկեղծ լինել: Բայց դուք կարծես թե վերլուծաբաններ եք, կետ առ կետ, բառ առ բառ օրենքներ եք քննարկում, քաղաքական իրավիճակներ եք վերլուծում, ձեր մտքով չի՞ անցնում, որ մարտի 1-ի գաղափարախոսը երբեք սեփական ոտքերով չի հեռանա իշխանությունից: Դուք ինչու՞ էդ էդ արյունը վերցնում ձեզ վրա:

Հո այդ մարդը փաստաթղթի մեջ չէր գրի՝ ես ուզում եմ ցմահ լինել Հայաստանի առաջին դեմքը: Հիմա այդպես չեն անում: Կամ ընտրություններով գալիս ես իշխանության, ինչպես Հիտլերը և Լուկաշենկոն, հետո բացառում ես այդ ընտրությունները: Կամ, ինչպես Ստալինը, ի՜նչ ընտրություն, ի՜նչ բան, իշխանությունը վերցնում ես ու սկսում վերացնել ուրիշներին: Կամ հոգևոր առաջնորդների պես, ընտրվում ես Կոնկլավի կամ Ազգային եկեղեցական ժողովի պատվիրակների քվեներով և անում ես սրտիդ ուզածը: Այս վերջին դեպքում ընտրվելուց հետո դու այլևս մրցակիցներ չունես, բոլոր դավադրություններն արվում են քո անունից կամ քեզանով: Կամ էլ փոխում ես Սահմանադրությունը, ինչպես դա անում են Ադրբեջանում և աֆրիկյան երկրներում, որպեսզի ցմահ պաշտոնավարեն: Նոր Սահմանադրության այս նախագիծը դատարկ էջերով թուղթ է, սակայն ի տարբերություն սպիտակ էջի, այն ապականված է ձեր լրջությամբ: Դուք քննարկում եք կայուն մեծամասնությունը կամ մարդու իրավունքների բաժինը, քննարկում եք հանրաքվեով Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու հոդվածը: Բա ուրիշ ի՞նչ ականներով Սերժ Սարգսյանը ձեզ «հասկացնի», որ այս փաստաթուղթն իր մասին չէ: Բնականաբար, պետք է սադրանքներ դնի փաստաթղթի մեջ: Հարյուրավոր իրավաբաններ կետ առ կետ քննարկում են, մինչև հանրաքվե հազիվ վերջացնեն բոլոր կետերի դիտարկումը:

Եվ այս ամբողջ ջերմեռանդությունը, որով նրանք լծվել են Նոր Սահմանադրության լավն ու վատը «գտնելուն», մատնում է, թե հանուն ինչի են նրանք այդ գործի վրա՝ վճարում են Սերժ Սարգսյանի տարբեր «լավությունների» դիմաց: Կամ հայտ են ներկայացնում էդ լավություններից փայ ունենալու: Եվ այս տեսակի առաջնորդը, անկասկած, Խոսրով Հարությունյանն է, որն ասում է, թե «ՀՀԿ-ից ազատվելու միակ միջոցը սահմանադրության փոփոխություններն են»: Հասկացա՞ք: Որպեսզի բոլորը մտածեն, թե էս ժողովրդի պրոբլեմը Կարեն Ավագյանի, Էդվարդ Շարմազանովի կամ նույնիսկ Սուրիկ Խաչատրյանի հետ է: Որովհետև նրանք են ՀՀԿ: Իբր Խոսրով Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը ՀՀԿ չեն: Իբր Սուրիկ Խաչատրյանը գաղափարախոսություն չէ, յաթաղան է, իսկ Սերժ Սարգսյանը գաղափարախոսություն է, ուրիշ է: Ես համաձայն եմ հաշվի նստել էս՝ չարգելված մարդկանց տեսակի գոյության հետ, բայց այնպես, ինչպես հաշտվում են ճիվաղի կամ կենդանասպանի գոյության հետ՝ մեզնից հեռու, ախպեր: Դուք ընկած եք էս հողը, երկիրը, պետությունը մանրամասնորեն սիրելու մեր ճանապարհին, դուք խանգարում եք սիրել:

Մեկնաբանել