«Աղբային ճգնաժամն» ալեկոծում է Լիբանանը

LebanonԼիբանանի մայրաքաղաք Բեյրութն արդեն մի քանի օր է՝ անհանգիստ է: Պատճառը այսպես կոչված՝ «աղբային ճգնաժամն է», որն ուղեկցվում է անկարգություններով:

Հանգստյան օրերին Բեյրութում «Դու գարշահոտո՛ւմ ես» հասարակական շարժման նախաձեռնությամբ կազմակերպվել է բազմահազարանոց բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում էին իշխող քաղաքական վերնախավի հրաժարականը: Բողոքի ակցիաների առիթ է հանդիսացել երկրի իշխանությունների անկարողությունը՝ լուծել աղբահանության և աղբի վերամշակման խնդիրը, որը 40 աստիճան շոգի պայմաններում սպառնում է վերաճել բնապահպանական աղետի:

Ինչպես գրել է բրիտանական Guardian-ը, սա Լիբանանում վերջին 10 տարիներին տեղի ունեցած ամենալայնամասշտաբ քաղաքացիական անհնազանդության ակցիան էր: Օգոստոսի 23-ին Բեյրութում՝ կառավարական պալատի մոտ, հավաքվել էր մոտ 10 հազ. մարդ: Սկզբից ակցիան խաղաղ է ընթացել, սակայն երբ ցուցարարներից մի քանիսը փորձել են ազատել հրապարակը փշալարերից, իրավապահները կիրառել են ջրցաններ և արցունքաբեր գազ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախումներում, ըստ Al-Jazeera-ի, զոհվել է մեկ ցուցարար, վնասվածքներ է ստացել 40 մարդ, որոնցից 30-ը՝ ոստիկաններ:

Լիբանանի վարչապետ Թամամ Սալամը խոստացել է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր ցուցարարների դեմ բռնի ուժ են կիրառել: Նա ակնարկել է, որ չի բացառում իր հրաժարականը: Սալամի խոսքով՝ ճգնաժամի պատճառը Լիբանանում անցյալ տարվա մայիսից նախագահի բացակայությունն է՝ այն պատճառով, որ քաղաքական կուսակցություններին չի հաջողվել կոնսենսուսային գործիչ ընտրել:

Մեկնաբանել