Մինչև 2025թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական. ԿԳՆ

Schools5Մինչև 2025թ. Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական. այս մասին մեդիա կենտրոնում հրավիրված քննարկման ընթացքում հայտարարել է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, հաղորդում է tert.am-ը:

«Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից՝ զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանի»,- ասել է մասնագետը։

Նա միաժամանակ նշել է, որ հաճախ կատարվող շեշտադրումները, թե հաշմանդամություն կամ կրթության առանձնահատկություն ունեցող երեխաների համար է ներառական կրթությունը, նորից առանձնացնում է այդ երեխաներին:

Մասնագետի խոսքով՝ ներառական կրթությունը մի փոքր այլ ձև է տվել հանրակրթական կրթությանը: Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին:

ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005թ.: Օրենքը կարգավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց իրենց ընդունակություններին և կարողություններին համապատասխան կրթություն ստանալու իրավական, կազմակերպական և ֆինանսական հիմքերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության կազմակերպման բնագավառում հարաբերությունների մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները: