Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում, օգոստոսի 26-ին հանդիպում է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի, Իշխան Խաչատրյանի և Արմեն Հարությունյանի հետ:
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումներին:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած առանձին դրույթների վերաբերյալ և կարևորել ՀՀ Ազգային ժողովում Սահմանադրության փոփոխությունների նախագծի շուրջ ակտիվ քննարկումները:
Նույն օրը՝ ավելի վաղ, նախագահը հանդիպում էր ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը մերժել է նախագահականից ստացված հրավերը: Այս մասին հայտարարել էր ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: