Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոն է բացվում

NATO-GeorgiaՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը օգոստոսի 26-ին ժամանել է Վրաստան, որտեղ հանդիպում է ունեցել երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ. նա նաև մասնակցելու է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնավարժական կենտրոնի բացմանը:

Ինչպես հաղորդում է Sputnik-ի վրացական ծառայությունը, Մարգվելաշվիլին և Ստոլտենբերգը քննարկել են ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրմանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությանը վրաց զինծառայողների մասնակցությունը:

ՆԱՏՕ-Վրաստան ուսումնավարժական կենտրոնը կբացվի այն միջոցների փաթեթի շրջանակում, որոնք աջակցում են Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում. հարցը քննարկվել էր 2014թ. Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Կենտրոնում պատրաստականություն են անցնելուՆԱՏՕ-ի ու դաշինքի դաշնակից երկրների զինծառայողները:

«Իր մասշտաբներով, գործառույթներով և նշանակությամբ այս կետրոնը կլինի ամենախոշոր համատեղ նախագծերից մեկը, որը մենք իրագործելու ենք ուելսյան փաթեթի շրջանակում… Կարծում եմ՝ այս միջոցառումը, ի վերջո, ծառայելու է ոչ միայն Վրաստանի անվտանգությանն ու նրա շահերին, այլև ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը»,- լրագրողների հետ զրույցում, BBC-ի փոխանցմամբ, ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:

Փետրվարին ելույթ ունենալով Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստից հետո՝ Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ դաշինքի մի քանի անդամներ փաթեթի իրագործմանը ներդրում կատարելու պատրաստակամություն են հայտնել:

Աննախադեպ որոշում

ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Մաիսուրաձեի խոսքով՝ Ստոլտենբերգի այցը կարևոր ազդանշան է, որը հաստատում է՝ Վրաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի համար կարևոր է:

Պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին էլ կարծիք է հայտնել, որ ուսումնավարժական կենտրոնի բացման որոշումն աննախադեպ է:

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կենտրոնը ռազմակայան չէ և ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այդուհանդերձ, ՌԴ արտգործնախարարությունը հուլիսին ժնևյան բանակցությունների հերթական փուլի ավարտին հայտարարել էր, որ դաշինքի՝ Վրաստանի տարածքում դաշտային ենթակառուցվածքներ ստեղծելու և պարբերական զորավարժություններ անցկացնելու մտադրությունը, «մտահոգություն է առաջացնում»: