Սեպտեմբերի 1-ից՝ ոստիկանության ինտենսիվ վերահսկողություն դպրոցների շրջակայքում

TH-Police_Norik-SargsyanՍեպտեմբերի 1-ից մեկ ամիս շարունակ ինտենսիվ երթևեկության փողոցների վրա գտնվող դպրոցներում ոստիկանության կարգախմբեր կլինեն: Այս մասին օգոստոսի 27-ին լրագրողներին ասել է ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Սարգսյանը տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են. այցելել են տարբեր դպրոցներ, հանդիպել են մանկավարժական կոլեկտիվների, տնօրենների հետ՝ ուսումնասիրելով դպրոցների մոտակայքում գտնվող հետիոտնային անցումները:

«Բոլորիս ջանքերով պետք է հասնենք արդյունքի, ինչի համար կոչ եմ անում մանկավարժներին առաջին իսկ օրվանից սովորեցնել երթևեկության կանոնները, նույնիսկ առաջին դասարանցիների մեջ պետք է սերմանել ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու կարևորությունը, վարորդներին էլ կոչ եմ անում մեքենաները վարել սթափ վիճակում և լինել ավելի ուշադիր»,- ասել է Նորիկ Սարգսյանն ու նշել, որ հաճախ հենց վարորդների շտապողականության պատճառով են գրանցվում վրաերթեր:

Նորիկ Սարգսյանը նաև կոչ է արել մեքենայով երեխաներին դպրոց տանող ծնողներին փողոցներում մեքենաները երկար չկայանել և երեխային իջեցնելուց հետո անմիջապես հեռանալ փողոցից, հակառակ դեպքում «նրանք գործ կունենան Ճանապարհային ոստիկանության հետ, որը կկիրառի ամենախիստ պատժամիջոցները»:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից հետո էլ ոստիկանությունը կշարունակի ծառայությունը հագեցած երթևեկություն ունեցող փողոցներին կից գտնվող դպրոցների տարածքում։