Մինսկի խումբը մտադիր է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում

James WarlickԵԱՀԿ Մինսկի խումբը ծրագրում է սեպտեմբերին կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում: Այս մասին ադրբեջանական APA լրատվամիջոցին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա նաև տեղեկացրել է, որ աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել, սակայն այցի հստակ ժամկետ դեռ չկա:

«Մինսկի խումբը ծրագրում է սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում և հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու վերաբերյալ տեսակետեր փոխանակել: Խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները ամենաբարձր մակարդակով վերահաստատելու անհրաժեշտություն կա»,- ասել է ամերիկացի համանախագահը:

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը, մեկնաբանելով Ուորլիքի՝ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպման մասին հայտարարությունը, ՍիվիլՆեթին ասաց. «Նման հանդիպման կազմակերպման դեպքում մենք պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»: