Կարապետ Ռուբինյանը դուրս է գալիս ՀՀՇ-ից. պատճառը այցն է Բաղրամյան 26

3-karapet-rubinyan-(1)-taron-titizyan«Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության վարչության անդամ Կարապետ Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է կուսակցությունից դուրս գալու մասին։ Ռուբինյանի հայտարարությունը՝ ստորև:

«Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ և, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են «սահմանադրական բարեփոխումների» խնդիրը:

Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:

ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և վերաբացեցինք այն:

Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու «Հայոց համազգային շարժում» կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»:

***

Օգոստոսի 26-ից Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդակցություններ է սկսել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։

Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Հայ Հեղափոխական Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր»Հայոց համազգային շարժում, «Ազատ դեմոկրատներ» և Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ Ազգային Կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները մերժել են նախագահականից ստացված հրավերը: