«Ո՛չ թալանին»-ը սեպտեմբերի 1-ից անհնազանդության նոր ալիք է սկսում

MHM97035 copy«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից քաղաքացիական անհնազանդության գործողություններ է սկսելու՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։

Ակտիվիստերն ասում են, որ իշխանությունները խաբեցին ժողովրդին. ՓՄՁ-ներին արդեն ստիպում են հոսանքի համար բարձրացված սակագնով վճարել։

«Նրանց մոտենում են ՀԷՑ-ից մարդիկ և ասում, որ պետք է ստորագրեն, որ համաձայն են վճարել թանկ սակագնով»,- հայտարարեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներն ու կոչ արեցին փոքր ու միջին ձեռնարկատերերին «չստորագրել ոչ մի փաստաթուղթ, քանի որ դա անօրինական է»:

Շարժման անդամները տեղեկացրին, որ անհնազանդության նոր ալիք են սկսելու, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 1-ին Սիրահարների այգում. հետագա քայլերն ու գործողությունները կներկայացնեն:

«Մարդիկ փողոց էին դուրս եկել՝ խնդիրը լուծելու համար, ու նորից պետք է դուրս գան. այլ կերպ խնդիրը չի լուծվի»,- ասացին «Ո՛չ թալանին»-ի ներկայացուցիչները:

Նրանք նաև անդրադարձան սահմանադրական փոփոխությունների հարցին և հայտարարեցին, որ դեմ են դրանց:

«Երկրում եղած խնդիրները վերանայելու, դրանցով զբաղվելու փոխարեն իշխանությունները սահմանադրական բարեփոխումներ են իրականացնում»,- ասաց նախաձեռնության խորհրդի անդամ Արթուր Քոչարյանը:

***

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին միաձայն որոշում կայացրեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Ըստ որոշման՝ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից կդառնա 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ:  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ՀԾԿՀ-ին հայտ էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու վերաբերյալ:

Հունիսի 19-ին Երևանում` Ազատության հրապարակում, մեկնարկեցին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերը: Հունիսի 22-ին ցույցը տեղափոխվեց Բաղրամյան պողոտա: Հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը ցրեց նստացույցը՝ բերման ենթարկելով և նույն օրը ազատ արձակելով 237 քաղաքացու:

Հունիսի 24-ից քաղաքացիները Բաղրամյան պողոտայում նստացույց սկսեցին:

Հունիսի 26-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի: Հունիսի 27-ի երեկոյան Սերժ Սարգսյանը խորհրդակցություն հրավիրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ և հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում աուդիտի եզրակացության կազմումը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` նշելով, որ ընթացող ծրագրերին կամ սոցիալական ծախսերին չեն դիպչի, այլ գումարներ կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:

Հունիսի 28-ի երեկոյան «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան հայտարարությամբ` Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարներին կոչ անելով երթով շարժվել Ազատության հրապարակ և այնտեղ «կայացնել խելամիտ որոշումներ»: Ցուցարարների շատ քիչ մասը հետևեց կոչին, իսկ մեծ մասը բողոքը շարունակեց Բաղրամյան պողոտայում:

Հուլիսի 6-ին՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երկու շաբաթ տևած ցույցերից հետո, ոստիկանությունը Երևանի Բաղրամյան պողոտան ազատեց ցուցարարներից և բացեց երթևեկությունը: Պողոտան փակ մնաց երկու շաբաթ: Սա քաղաքացիական ընդվզման աննախադեպ դրսևորում էր Հայաստանում, որի հիմքում ընկած են ավելի շատ գործոններ, քան սոսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է:

Էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ զարգացումները, դրանց խորքային պատճառները և հնարավոր լուծումները՝ Սիվիլիթաս հիմնադրամի «#ElectricYerevan. Շարժման անատոմիան» խորագիրը կրող տեղեկանքում: