ԱՄՆ-ը խնդրել է Ուզբեկստանին միանալ «Իսլամական պետության» դեմ կոալիցիային

CoalitionԱՄՆ-ը դիմել է Ուզբեկստանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիային միանալու խնդրանքով՝ նշելով, որ կենտրոնասիական այդ պետությունը ազատ է ընտրել՝ ինչ ներդրում կատարել ահաբեկիչների դեմ պայքարին, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք խնդրել ենք Ուզբեկստանին … միանալ կոալիցիային»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային և Կենտրոնական Ասիայի գծով օգնականի տեղակալ Դենիել Ռոզենբլումը: Վերջինս հստակեցրել է՝ ԱՄՆ-ը կոալիցիային միանալու առաջարկ է արել այլ երկրների ևս. դաշինքն ունի նաև ռազմական բաղադրիչ, բացի «Իսլամական պետության» ֆինանսավորման դեմ պայքարից, սահմանները հատելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակումից:

Ռոզենբլումի խոսքով՝ Ուզբեկստանը կամ ցանկացած այլ երկիր կարող է ընտրել՝ պայքարի որ բաղադրիչին միանալ:

Օգոստոսի 25-ին «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային միանալու մասին է հայտարարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա տեղեկացրել է, որ ավարտին են հասցվել ԱՄՆ-ի հետ տեխնիկական բանակցությունները և համաձայնագիր է ստորագրվել: Չավուշօղլուի խոսքով՝ «Իսլամական պետության» դեմ «համապարփակ» օդային օպերացիա է սկսվելու:

Օրերս ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կոալիցիային միանալու հարցում շահագրգռվածություն չի ցուցաբերում Ռուսաստանը և ներկա փուլում նրա հետ խորհրդակցություններ չեն ընթանում:

2014թ. սեպտեմբերի 5-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի ստեղծման մասին: 2014թ. սեպտեմբերի 11-ին կոալիցիայի կազմի մեջ մտան Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Կատարը, սեպտեմբերի վերջին՝ մի շարք եվրոպական երկրներ:

Մեկնաբանել