«Կոմկուսի» ուրվականը

«Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ, բայց ում քնից բրդես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը: Եվ չի հիշում 41-45-ի պատերազմի տևողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման և լույսերի մեջ: Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին: Եվ ոչ մի միստիկա չկա այստեղ: Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին, երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա՝ գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»:

Վանո ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

11960153_934649026581963_7880836615904156822_nՀասարակության տարանջատումն իր գագաթնակետին է. «քաղաքական» ուժերի 95 տոկոսը Սերժ Սարգսյանի բռում է։ Մնում է 5 տոկոս ու վերջ։ Մարդիկ զզվում են բոլորից, համարում ծախված։ Ծախվելը, սակայն, քաղաքականություն չէ, նույնիսկ չծախվելը քաղաքականություն չէ, քաղաքականություն է միայն իշխանության ողորմածությամբ կայացած ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ բերելը, նրա ռեսուրսներով քաղաքական գիտակցություն զարգացնելը և ԲՀԿ-ին որպես արնաքամ մի զոհ բաց թողնելը։ Սա քաղաքականություն է, որովհետև այստեղ գործողություն կա՝ «հերոսը» և «զոհը» ֆիգուրներ են, որոնք քաղաքական բովանդակության մաս են։

Սա քաղաքականություն է։ Որովհետև այստեղ ամեն ինչ կա՝ մաթեմատիկա, ֆիզիկա, գեղագիտություն, շախմատ։ Սակայն՝ վերջ, ԲՀԿ-ն խաղից դուրս է։ Խաղից դուրս են բոլորը, նրանց ցանկին կարող եք ծանոթանալ Բաղրամյան 26-ի մամուլի ծառայությունից։ Բայց այս իրավիճակը տանում է արյան, ոչ թե քաղաքական լուծումների։ Որովհետև, երբ դաշտում միայն սևերն ու սպիտակներն են, դա բախում է, հաշտեցնող գույնը չկա։ Այս բախումը տանելու է անարխիայի, որը հարցականի տակ է դնելու ապագա իշխանության քաղաքական ծրագրերով հանդես գալը, փոխարենն այդ իշխանությունը շարժվելու է հաշվեհարդարներով, եթե, իհարկե, այդ անարխիայից որևէ մեկը կենդանի դուրս եկավ։ Մարդիկ պահանջելու են, որ հաջորդ իշխանությունը զերծ մնա կուսակցականությունից, որովհետև «բոլորն էլ մի սանրի կտավ են»։ Պահաջելու են ազատական տնտեսության վերացում, որովհետև «ազատականության արդյունք են Ալեքսանյան Սամվելը, Ծառուկյան Գագիկը, Սերժ և Ալեքսանդր Սարգսյանները, Գագիկ Խաչատրյանը, Պողոսյան Միհրանը և այլք»։ Հանձին ՀԱԿ-ի՝ դաշտում կա միայն մեկ ընդդիմադիր ուժ, որը «խաղեր չի տալիս»։ Ժողովուրդը ֆիզիկական ուժ է ուզում տեսնել Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, իսկ ՀԱԿ-ն ատամներ ցույց տվող ուժ չէ, նա քաղաքական կուսակցություն է, միակը Հայաստանի Հանրապետությունում։

1998-ին սրա հակառակ վիճակն էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդիմացող ուժերը շատ էին, անհամեմատ ավելի շատ, քան իշխանական «Հանրապետություն» բլոկի մեջ մտնող ուժերն էին։ Դեռ հզոր Դաշնակցությունն էլ բանտում էր, ինչը միայն ավելի ուժեղացրեց այդ կուսակցությանը։ Անկախության 6-րդ տարվա կեսերին այս մարդուն հեռացրեցին նախագահի պաշտոնից և 5 տոկոսն էլ ախ չքաշեց։ Մի գիշերում Ազգային ժողովի 70 տոկոսը դարձավ երկրապահ և Հանրապետական, ընդդիմադիրները դա ողջունեցին, որպեսզի ժողովուրդը չտեսնի թավշյա, բայց, այնուամենայնիվ, ռազմական հեղաշրջումը։ Տեր-Պետրոսյանը ոչ մեկից չէր փորձել թիմակից ստանալ, նրան սպասարկել էին թիմակիցներով։ Երբ Քոչարյանը եկավ իշխանության, նա համարյա կոմկուս ստեղծեց իշխանության մեջ, քանի որ նրա «կուսակցությունը ժողովուրդն էր»։ Եթե ժողովուրդը մեկ կուսակցություն է, ուրեմն մեկ կուսակցություն է նաև իշխանությունը, այսինքն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը, ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, բոլորը մեկ կուսակցություն էին, քանի որ ընդդիմադիր էին հենց Լևոն Տեր-Պետրոսյանին։ Սկսվեց քաղաքականության դուրսմղումը Հայաստանից։ Ամբողջ ընթացքում այս դուրսմղման գաղափարախոսը՝ Սերժ Սարգսյանը, շնչում է Ռոբերտ Քոչարյանի թիկունքին։ Ասպարեզում զինվորականությունն էր և ԿԳԲ-ն: Զենքը, որից այնքան վախենում էր Տեր-Պետրոսյանը, փոխարինեց ներքին քաղաքականությանը, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Զինվորականությունը խաղաղության փորձությանը չդիմացավ: Խաղաղության օրոք նա ինքը մուրաց իր հերոսին՝ ԿԳԲ-ին, որը մկան հետևողականությամբ էր քարը քարին դնում այս պետության մեջ ամենայն առողջ բան ոչնչացնելու: ԿԳԲ-ն ստեղծում էր իր «Հայաստանի Հանրապետությունը», իր «զավակին», որին խնամելու էր ենիչերի դաստիարակելու բոլոր կանոններով: Հենց այդ տրամաբանությամբ էլ անխուսափելի էր մարտի 1-ը։ Որովհետև այդ գաղափարախոսությունը կրակում է։ Քոչարյանի իշխանության ամբողջ ընթացքում Սերժ Սարգսյանը շնչում էր բոլորի թիկունքին, ով փորձում էր դառնալ քաղաքական կերպար։ Ի վերջո ինքն էլ սահմանում էր նրանց կերպարը՝ «հաճախորդներ» և «մի զրո ավել»-ներ։ Այս իրավիճակում, իսկապես, խաղալ հնարավոր չէր, որովհետև մարդիկ նահանջում էին և հարազատանում պիտակներին։

2007-ին Սերժ Սարգսյանը մտավ ՀՀԿ, որովհետև «տեսավ» (իրականում դա նրա գաղափարն էր), թե ինչպես Քոչարյանը «մխտռվեց» «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով։ Բայց քաղքենին, այսինքն՝ «կոմունիստը», այսինքն՝ ենիչերին, նույնն էր, ինքն իր «կոմունիստներին» չէր հորինում, նա այդ «կոմունիստներով», իր «ստեղծագործությամբ» սպասարկել էր Ռոբերտ Քոչարյանին, հիմա նրանք իրեն՝ Սերժ Սարգսյանին էին պետք։ Որովհետև այդ ամբողջ մարդկային խաժամուժը «խնամվել» էր այդ օրվա համար, երբ իրեն պետք է նստեցնեին ձիու վրա: Մի խոսքով, Սերժ Սարգսյանը 2008-ի համար Ռոբերտ Քոչարյանից վերցնում էր մինչև վերջ ապականված մի «հասարակություն», որով ավարտելու էր Հայաստանը որպես բովանդակություն: Այսինքն, Սերժ Սարգսյանն էլ էր 2008-ին գալիս «իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսով այն իմաստով, որ «քաղաքական» կամ «մերձքաղաքական» դաշտում գրեթե չկար մեկը, որ հանրապետական չէր։ Սակայն հասարակ ժողովրդից գրեթե ոչ մեկին ՀՀԿ-ական մետաստազները չէին վնասել, նրանք ուրիշ Հայաստան էին ուզում։ Իսկ Սերժ Սարգսյանը բոլորից լավ գիտեր, որ ուրիշ Հայաստանն իր քաղաքական կերպարի մահն է։ Մարտի 1-ին Սերժ Սարգսյանի «ժողովրդի» դեմ ավելի շատ ժողովուրդ կար, արդեն տեսանելի էին սևերն ու սպիտակները։ Նա արդեն գիտեր, փորձել և հաջողել էր, որ առանց արյան իշխանություն վերցնել հնարավոր չէ։ Եվ կրակեց։ Այդ փամփուշտը աշխատեց նաև հետագա տարիներին, հնարավոր մեռելը լինելու փաստով հերթով վարակվում էին քաղաքական բազմաթիվ «հակակոմունիստներ»։ Որովհետև փամփուշտը ժանտախտի նման բան է, ինքը ոչ թե պարզապես չկա, ոչ թե ուղղակի փամփշտակալում է՝ դրված ինչ-որ մեկի նկուղում, այլ ինքը դարանակալած է, մի օր «կարտահայտվի»։

Սերժ Սարգսյանը իշխանության խնդրից բացի այլ խնդիր չի լուծել 1993-ից ի վեր: Նա էր, որ երազում էր կրակել ժողովրդի վրա 1996-ի սեպտեմբերին, նա էր, որ բաց տեքստով ներկայացրեց իշխանության համար կատարվող սպանության փիլիսոփայությունը՝ եթե մարտի 1-ին 10 հոգի չմեռներ, ավելի շատ զոհեր կլինեին: Նա էր, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ընկավ Վանո Սիրադեղյանի հետևից և դեռ հայտարարեց, թե դեռ ինչեր են բացահայտվելու, այդպիսով մատնելով, որ Սիրադեղյանի նախարարության օրոք իրականացված սպանություններով նույնպես ինքը իշխանության գալու հարց է լուծել: Եվ նա էր, որ Քոչարյանին օգնեց ազատվել Ա1+-ից, որպեսզի իր ձեռամբ ապականվող քաղաքական գործիչները մաքրվելու դաշտ չունենան: «Եղավ գրվածը»:

Արդյունքում այսօր ի՞նչ իրավիճակ է։ Քաղաքական ուժեր դաշտում չկան (ՀԱԿ-ից բացի)։ Քաղաքականություն ընդհանրապես չկա։ Այսինքն, այն, ինչ կա, մեկ կիսադաշտում խաղացվող ֆուտբոլ է, որտեղ հակառակորդ չկա, թեպետ միակ դարպասը հակառակորդինն է (hին հայկական քաղաքական բառապաշարում «մեկ կիսադաշտի» փոխարեն կար «կզարան» բառը)։ Հետևաբար, սա մի խաղ է, որտեղ հասարակությունը միայն վերջին արարի մասնակիցն է, այսինքն, խաղից հետո ցրվողն է։ Հասարակությունն այլ դեր չունի այսօր: Նոր Սահմանադրությունն իր հետ կապ չունի, էլեկտրաէներգիան թանկանում է և նույնիսկ թանկացման փոխհատուցվող գումարի հետ կապ չունի, ինքը չգիտի, թե դա ինչ գումար է: Նույնիսկ չարաշահման համար դատապարտված դպրոցի տնօրենն է վերադառնում «մայր» դպրոցը ղեկավարելու և հասարակությունն այստեղ էլ չկա: Եվ ահա թե ինչու կա վտանգ, որ սերժսարգսյանական այս վարակի դեմ պայքարը անպայման փամփուշտի գործադրում կպահանջի և խնդիր կդնի, որ ապագա իշխանությունը (իսկ հեղափոխության առջևում կանգնած հրացանավորը հենց իրեն է պատկերացնում ապագա իշխանությունում) նույնպես աշխատի փամփուշտով:

Նոր Սահմանադրության նախագծի շուրջ բեմականացված կոնսոլիդացիան հասարակությանը չի վերաբերում։ Այսօր հասարակությունը դեմ է Սերժ Սարգսյանին։ Եվ ոչ միայն դեմ է, ինքն իրենից ներկայացնում է հոկտեմբերի 27-ի վառոդ։ Ինչու՞։ Որովհետև այս հասարակությունը 1998-ից և 2008-ից առաջվա հասարակությունը չէ, ինքը այդ ընթացքում լիքը պարտություններ չի տեսել, ինքը չի թրծվել այդ պարտություններում, և այդ պարտությունները նրանում չեն հրաբխացվել։ Ինքը այս ընթացքում ոչ մեկի վրա չի կրակել, ավելին, 1991-ից 2008 թվականների ընթացքում այդքան չի խաբվել, որքան խաբվել է Սերժ Սարգսյանի ամբողջ նախագահության օրոք։ Սա մի հասարակություն է, որն իշխանություն է ուզում փոխել մեկ օրում՝ առանց քաղաքական հաշվարկների։ Քաղաքականությունը երկարատև պայքարի մեջ է, մեկ օրում տեղի է ունենում հեղափոխությունը։ Ավելին, ինքը մեկ օր է ուզում, որպեսզի «Ղարաբաղի ուրվականը» (այսինքն, ղարաբաղաադրբեջանական սահմանային սադրանքները, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության խաղաքարտն են) չհասցնի ջլատել նրան։ Ժողովուրդը լիցքավորված է այդ մեկօրյա հեղափոխության համար, սակայն փողոց դուրս չի գալիս, որովհետև անիշխանության վախն այնուամենայնիվ ջլատում է։ Հենց մեկ օրում Սերժ Սարգսյանի իշխանության հաշիվները մաքրելու մեջ է «կոմունիզմի» ուրվականը, որովհետև եթե ժողովուրդը դա արեց միայնակ, առանց քաղաքական առաջնորդության, ինքը բոլոր հարուստներին կսրբի ու կտանի։ Այնպես չէ, որ մարդիկ դեմ են սրան, սակայն նրանք շարունակությունը չգիտեն։ Չգիտեն, որովհետև մեկ օրը կարող է լինել հենց Հայաստանի վերջին օրը։

Հետևաբար, ի՞նչ պետք է լինի։ Պետք է լինի այն, որ քաղաքական 5 տոկոսն, այնուամենայնիվ, գա առաջին պլան և պետք է այս իրավիճակը բացատրի հարուստներին։ Հետսերժսարգսյանական վակխանալիան առանց քաղաքական ուժի ուղղակի կոչնչացնի նաև Ղարաբաղը։ Եվ դա պետք է լինի մի քաղաքական ուժ, որը կոմունիստական արմատներ չունի, քաղաքական ուժ, որի շարքերից մինչև վերջ սրբվել է քաղքենին։ Ինչպես հասկանում եք, Բաղրամյան 26-ի բեմադրված կոնսոլիդացիայով Սերժ Սարգսյանն ինքն է մեզ հուշում, թե որ քաղաքական ուժերը չեն կարող ապագա հեղափոխության այդ միակ քաղաքական ուժը լինել։