Ներգաղթյալների հարցը գժտեցնում է եվրոպական երկրներին

migՖրանսիայի և Հունգարիայի իշխանությունները միմյանց հասցեին քննադատական հայտարարություններ են հնչեցրել՝ կապված ներգաղթյալների ներհոսքը կանխելու նպատակով Սերբիայի և Հունգարիայի սահմանին փշալարերով ցանկապատի կառուցման հետ, հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը որոշ եվրոպական երկրների վերաբերմունքը ներկայիս ճգնաժամին «խայտառակ» է որակել: Նրա քննադատությունը հիմնականում ուղղված էր արևելաեվրոպական երկրներին, որոնք հրաժարվում են ընդունել ներգաղթյալներին: Ֆաբիուսի քննադատությունը վերաբերում էր առաջին հերթին Հունգարիային, որը ցանկապատ է կառուցում Սերբիայի հետ սահմանին: Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ դա հակասում է եվրոպական արժեքներին:

Լորան Ֆաբիուսի հունգարացի պաշտոնակից Պետեր Սիյարտոն Ֆաբիուսի քննադատությունը «ցնցող ու անհիմն» է որակել: Նրա խոսքով՝ եվրոպական երկրները պետք է միասին աշխատեն՝ ճգնաժամը կարգավորելու համար, այլ ոչ թե քննադատեն միմյանց:

Եվրամիության ներքին գործերի նախարարները կհանդիպեն սեպտեմբերի 14-ին Բրյուսելում՝ քննարկելու Եվրոպա ներգաղթյալների ներհոսքի հետ կապված լարված իրավիճակը:

Ռեկորդային ներհոսք

Այս տարի Եվրոպայում գրանցվել է ներգաղթյալների ռեկորդային ներհոսք: ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեսկզբից ԵՄ սահմանները հատել է 300 հազ. փախստական, հիմնականում՝ Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից:

Այն բանից հետո, երբ Հունգարիան սկսել է պատ կառուցել Սերբիայի հետ սահմանին, վերջինիս վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի փակի սահմանը ներգաղթյալների համար, սակայն Եվրամիության առաջնորդները պետք է օգնեն Սերբիային միգրանտների ներհոսքի հարցը կարգավորելու հարցում:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեկը մյուսի հետևից գրանցվում են ներգաղթյալների հետ կապված դժբախտ պատահարներ: Օրերս Լիբիայի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալներ տեղափոխող հերթական նավը. զոհերի թիվը հասել է 37-ի:

Անցյալ շաբաթ Ավստրիայի արևելքում դիակներով լի բեռնատար էր հայտնաբերվել՝ 71 փախստական, այդ թվում՝ 4 երեխա և 8 կին:

Մեկնաբանել