Պալմիրայի հերթական կոթողը՝ «Իսլամական պետության» «զոհ»

Պալմիրայի Բելի տաճարը Պալմիրայի Բելի տաճարը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Պալմիրայում ոչնչացրել է Բելի հնագույն տաճարի մի մասը, հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբն ու հիշեցնում, որ օգոստոսի 23-ին հաղորդվել էր Պալմիրայում Բաալ-շամինի երկուհազարամյա տաճարի ոչնչացման մասին:

Մի քանի օր առաջ ջիհադականները հրապարակել էին լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է ոչնչացվում Բաալ-շամին տաճարը:

«Հաստատվել է, որ Բաալ-շամինը ոչնչացվել է պայթուցիկների մեծ քանակության կիրառմամբ»,- տեղեկացնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը:

Հրապարակված լուսանկարներում երևում է՝ ինչպես է պայթեցվում Բաալ-շամին տաճարը Բաալ-շամինի ոչնչացումը

Բաալ-շամինի տաճարի ոչնչացումը ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է «նոր զինվորական հանցագործություն և հսկայական կորուստ Սիրիայի ժողովրդի և ամբողջ մարդկության համար»:

Բելի տաճարը, որը կառուցվել է ի պատիվ տեղական աստվածություններից մեկի, հնագույն Պալմիրայի ամենանշանակալի շինություններից է, կառուցվել է մ.թ. 32 թ.: Իր մեջ համադրում է հունա-հռոմեական և մերձավորարևելյան ճարտարապետական տարրեր:

***

Պալմիրան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, Մերձավոր Արևելքի ամենահայտնի ճարտարապետական համալիրներից մեկը: Ահաբեկիչները քաղաքը գրավել են այս տարվա մայիսին: Այն ժամանակ սպանվել էր ավելի քան 400 մարդ: Հունիսին ահաբեկիչներն ականապատել են Պալմիրան, իսկ հուլիսին ոչնչացրել քաղաքի հնագույն հուշարձաններից մի քանիսը: Օգոստոսի կեսին ծայրահեղականները գլխատել են Պալմիրայի ճարտարապետական համալիրի 82-ամյա տնօրեն, հայտնի հնագետ Խալեդ Ասաադին: