ՀԷՑ-ը աուդիտի անցկացման բաց մրցույթ է հայտարարել

ena«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար: Ինչպես ասված է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում: ՀԷՑ-ը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին:

Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը երեք ամիս է:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17-ին  որոշում կայացրեց օգոստոսի 1-ից բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ ցերեկային սակագինը գործող 41.85 դրամ/կՎտժ-ից 48.78 դրամ, գիշերայինը՝ 31.85 դրամից` 38.78 դրամ: Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Երևանում և մյուս քաղաքներում սկիզբ առած բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում իշխանությունները հայտարարեցին, որ էլեկտրաէներգիա մատակարարող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում կանցկացվի աուդիտ, և մինչև աուդիտի ավարտը սակագնի 7 դրամ թանկացման համար բնակիչները չեն վճարի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սուբսիդավորումն իրականացվելու է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից առաջացած միջոցներից (Որոտանի ՀԷԿ-ը 180 մլն դոլարով վաճառվել է ամերիկյան «Կոնտուր գլոբալ» ընկերությանը):

Օգոստոսի 13-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցումն իրականացվելու է «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի միջոցով: ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ Deloitte-ը ուսումնասիրելու է սակագնի բարձրացման հիմնավորվածությունը: