Պայթյուն և բախումներ Գերագույն Ռադայի մոտ

RadaՈւկրաինայի Գերագույն Ռադայի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև, հաղորդում է Unian գործակալությունը:

Ըստ գործակալության՝ որոշ ցուցարարներ փայտերով ծեծել են իրավապահների, կիրառել արցունքաբեր գազ:

Ռադայի անվտանգությունն ապահովող զինծառայողների շարքերի վրա նետվել է մարտական նռնակ, նրանցից մի քանիսը ստացել են վնասվածքներ: Ըստ TASS գործակալության՝ վիրավորների թիվը 15-ն է:

Գերագույն Ռադայի մուտքն արգելափակված է:

Բողոքի պատճառը երկրի սահմանադրության մեջ մտցված ուղղումներն են, որոնք առաջացրել են հանրության զայրույթը:

Օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է ուղղումներ երկրի սահմանադրությունում՝ իշխանության ապակենտրոնացման մասով: Նախագահ Պետրո Պորոշենկոյի առաջարկած փոփոխությունների կողմ է հանդես եկել 265 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ից: Դեմ է քվեարկել 87 խորհրդարանական:

Ուղղումների քննարկումն անցել է արգելափակված ամբիոնի պայմաններում:

Սահմանադրության նոր տեքստը նախատեսում է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման իրականացման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով: