Մահացել է Վահագն Հովնանյանը

HovnanyanՄահացել է գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը. լուրը հաստատել են նրա ղեկավարած «Հովնանյան ինթերնեյշնլ» ընկերությունում:

Վահագն Հովնանյանը ծնվել է 1932թ. փետրվարի 16-ին Իրաքի Քիրքուկ քաղաքում: Նա ճարտարագետ-ձեռնարկատեր, հասարակական գործիչ, բարերար Հրայր Հովնանյանի եղբայրն է:

1952թ. ավարտել է Բաղդադի քոլեջը, 1956թ.`Ֆիլադելֆիայի Ս. Ջոզեֆի համալսարանը (Փենսիլվանիա նահանգ)` ստանալով ֆիզիկոս բակալավրի աստիճան:

1959թ. եղբայրների հետ հիմնել է «Հովնանյան եղբայրներ» կորպորացիան, 1969թ.` սեփական անշարժ գույքի շինարարության (Hovhit) ընկերությունը։ 1998-ից «Հովնանյան Ինթերնեյշնլ» և «Հովնանյան Գրուպ» ընկերությունների նախագահն էր:

1960-ականներին Հովնանյանը չորս տարի շարունակ եղել է Նյու Ջերսի նահանգի Ռիջֆիլդ քաղաքի Սուրբ Վարդանանց Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Վահագն Հովնանյանի բարեգործական ծրագրերը նպատակաուղղված էին հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ` Հասմիկ Հովնանյանի հետ 1976թ. Նյու Միլֆորդ քաղաքում (Նյու Ջերսի նահանգ) հիմնել է հայկական դպրոց, նպաստել է ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։

2000թ.Հայաստանում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002թ.` «Վահագն» մրցանակաբաշխությունները: 2001թ. մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը:

1998թ. Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը: