Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման օրը, բացվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ մայրաքաղաքում «Թումո»-ի բացումը իրականություն է դարձել Սիմոնյան կրթական հիմնադրամի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցության արդյունքում:
Ըստ պատասխանատուների` ուսուցման ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «Թումո»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Երևանում բացվել է 2011թ. օգոստոսին: 2013-ից «Թումո»-ն գործում է նաև Դիլիջանում, իսկ այս տարվա մայիսից` Գյումրիում: