Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով (լրացված)

Vardan-PetrosyanԿոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին:

«Արմենպրեսի» հետ զրույցում Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից Վարդան Պետրոսյանը այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ:

Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը Aravot.am-ին ասել է, որ Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու որոշում չկա: «Ինքը շարունակելու է պատիժը կրել, նրան մեկուսարանից տեղափոխել են կողքի գաղութ, որտեղ պատիժը կրում են անզգուշությամբ հանցագործություն կատարած անձինք: Հիմա ինքն էլի անազատության մեջ է, սխալ տեղեկատվություն է տարածվել, որ նա ազատ արձակվեց»,- ասել է Բալոյանը:

Բալոյանի խոսքով, Վարդան Պետրոսյանը անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև աշխատանքային պայմանագիր ներկայացվի քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որ ինքը խնամքի տակ ունի անձինք, և խնդրեն թույլտվություն, որ ցերեկային ժամերին իրեն թույլ տան աշխատել. «Մինչև այս գործընթացը չավարտվի, ինքը դուրս չի գալու: Ինքն այս պահին ազատության մեջ չէ»:

ՀՀ վճռաբեկ դատարանը օգոստոսի 21-ին վարույթ չէր ընդունել Վարդան Պետրոսյանի քրեական գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:

###

Դերասան Վարդան Պետրոսյանն անազատության մեջ է 2013թ. նոյեմբերից՝ նույն տարվա հոկտեմբերի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի գործով: Վթարի հետևանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները: Դերասանը մեղադրվում էր ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։

2015թ. հունվարի 29-ին Վարդան Պետրոսյանը դատապարտեց 5 տարվա ազատազրկման և երկու տարով զրկվեց տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, իսկ տուժող կողմի քաղաքացիական հայցը, որով նրանք դերասանից պահանջում էին ավելի քան 12 մլն դրամի փոխհատուցում, թողնվեց առանց քննության։

Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքով դատախազ Արթուր Սարգսյանը պահանջում էր պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 29-ին կայացրած դատավճիռը, և Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ: Իսկ տուժող կողմը պահանջում էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով, նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: