OPEC-ը $25 մլն վարկ կտրամադրի Հայաստանին գյուղական զարգացման համար

4884_hqՀայաստանի և Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամի միջև կնքվել է 25 մլն դոլարի վարկային համաձայնագիր, ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Սեպտեմբերի 3-ին Վիեննայում կայացել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը OPEC-ի Միջազգային զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր ալ Հերբիշի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:

Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի յոթ մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը:

Հանդիպմանը ներկա է եղել Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

Մեկնաբանել