Արփինե Հովհաննիսյանը նշանակվեց արդարադատության նախարար

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար:

Արդարադատության նախարարի պաշտոնը թափուր էր նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հուլիսի 14-ի հրաժարականից հետո:

Արփինե Հովհաննիսյանը ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007-ից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:

2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 2008թ. մայիսից մինչև սեպտեմբերը եղել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական, 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցությունից:

Մեկնաբանել