Սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը, ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում:
***
Օգոստոսի 31-ից սկսած՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին մեծացել է: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բերդի տարածաշրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորվել է պայմանագրային երկու զինծառայող: Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան և գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի մոտ 20 գյուղ: Կոթի գյուղի երկու բնակիչ վիրավորվել և տեղափոխվել են հիվանդանոց: Սեպտեմբերի 3-ին դիպուկահարի կրակից զոհվել է 40-ամյա պայմանագրային զինծառայող:
Սեպտեմբերի 3-ի երեկոյան լույս 4-ի գիշերը լարվածությունը շարունակվել է: Հակառակորդի կրակոցների հետևանքով Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիականներ: Կրակոցներից նաև վիրավորվել է պայմանագրային զինծառայող: