Իսկ դուք հարցնում եք՝ ինչի՞ համար է ոստիկանությունը։ ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ ամենաբարձր ամբիոնից պարզաբանել է ոստիկանության գործը ՀՀ-ում։ Այն քաղաքացուն ս..տիր անելու համար է։ Քաղաքացին ԱԺ-ում աղմկել է՝ ասելով, որ նոր Սահմանադրության նախագծով միասեռականները մեծ իրավունքներ են ձեռք բերում և ոչ մի բացատրություն նրան չի հանգստացրել։ ԱԺ բարձր ամբիոնին նստած Հրայր Թովմասյանը զարմացել է՝ էս ո՞վ ա, կանչեք ոստիկանություն, թող սրան ս..տիր անեն։
Պարոն Թովմասյանը միանգամից իրավական փիլիսոփայության մի քանի նոր փակագիծ է բացել՝ ԱԺ-ում նման բառերը կարելի է ասել թեկուզ մեղմ ժպիտով։ Ըստ իս, բնական է, այսինքն, պարոն Թովմասյանը մի երևելի վիրավորանք չի հասցրել ԱԺ-ին։ Ճիշտ է, նրա կրթությունը մի քիչ այլ բանի մասին է, հատկապես, որ «սիկ..ր» բառն առանձնապես իրավական չէ։ Թեպետ ի՞նչ իմանաս։ Բայց եթե նոր Սահմանադրության նախագիծը հաճելի գտնող և «նախագահը ոնց ասի, էնպես էլ կանենք» ասող Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարոն), որը նաև «եթե պետք ըլնի, գլխից կխփեմ» խոհական ձևակերպման հեղինակն է, ԱԺ պատգամավոր է, ինչու՞ պետք է Հրայր Թովմասյանն առանձնակի վտանգավորությամբ կիրթ լինի։ Իմ կարծիքով, սահմանադրագետը կիրթ լինելու հիմքեր չունի։ Առաքել Մովսիսյանը և Սամվել Ալեքսանյանը խիստ հակասական վիճակում կհայտնվեն։ Նրանք կողմնորոշում կկորցնեն, եթե այնտեղ կրթություն երևաց. նրանք կկորցնեն իրենց բնական միջավայրը՝ իրենք էլ են ԱԺ-ում, էդ կիրթ մա՞րդն էլ։ Ի՞նչ էր ԱԺ-ում ասում գեներալ Սեդրակ Սարոյանը Արամ Մանուկյանին, երբ վերջինս անցյալ տարվա հոկտեմբերի 10-ին Աբովյանում հայհոյախառն անդրադարձել էր Սերժ Սարգսյանին և նրա հարազատներին. «Ես ու Շմայսն ասենք՝ ջայնամ, դու կիրթ մարդ ես»։
Քաղաքացիական անհարմարությունն այսօրվա ԱԺ-ի թիվ մեկ խնդիրն է, այնտեղից պետք է ամեն գնով դուրս հանել Լևոն Զուրաբյանին, Աղվան Վարդանյանին, Արծվիկ Մինասյանին, Վարդան Օսկանյանին և Հրանտ Բագրատյանին։ Մյուսներն այս կամ այն չափով գոնե կարող են «արա»-ով խոսել իրենց գործընկերների հետ։ Մյուսները գոնե վիրավորել գիտեն, հաճախ առանց փաստերի։ Այս նույն ամբիոնից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամը Լևոն Զուրաբյանին հակադարձում է՝ հանցավոր, խաբեբա, դրանք կարող են ձեզ վերագրվել։ Հասկացա՞ք։ Մենք հաստատուն քայլերով գնում ենք խորհրդարանական կառավարման համակարգ, որի անհրաժեշտությունն իրավաբանորեն հիմնավորելու լիազորը (Վարդան Պողոսյանը) ԱԺ պատգամավորին հակադարձում է «հանցավոր» և «խաբեբա» բառերով։ ԱԺ պատգամավորին սահմանադրագետը չի ասում՝ դու քո տեղում չես, իրավական անգրագիտության դաշտում ես, ասում է՝ հանցավոր ու խաբեբա։ Դա ասում է Սերժ Սարգսյանի Սահմանադրության նախագծի աննախադեպ հանցավորությունը զուտ իրավաբանորեն պատճառաբանող պատգամավորին, որը նաև քաղաքական գործիչ է և քաղաքական ամբիոնից իրավունք ունի անել քաղաքական որակումներ։ Ավելին, եթե հանցագործություն է տեսնում փաստաթղթում, հանցավոր և խաբեբա կդառնա, եթե չխոսի դրա մասին։ Վարդան Պողոսյանի էս «հանցավոր» ու «խաբեբա» բառերի մեջ էլ պատգամավորին «սիկ..ր» անելու մղումը կա, որովհետև, դուք գիտեք, «вор должен сидеть в тюрьме»։
Այսինքն, եթե Լևոն Զուրաբյանը հանցավոր ու խաբեբա է, բանտի նառերը նրա հանդեպ կարոտն են լացում։ Եվ, ուրեմն, երկու կիրթ սահմանադրագետ եկել են ԱԺ ասելու՝ կամ մեզ հետ եք, կամ՝ սիկ..ր։ Այս ամենը լսելուց հետո, իսկապես, որտե՞ղ է ոստիկանությունը։ Բա էս անհասկացող պատգամավորին ո՞վ պիտի չափալախի։ Սա ի՞նչ երկիր է՝ ոստիկանությունն իր տեղում չէ, Զուրաբյանն իր տեղում չէ։ Գոնե Կարո Կարապետյանն, ի վերջո, գա ու ինչ-որ մեկին «գլխից խփի»։ Կամ գոնե «ծնոտը պոկեն»։ Կարող են, չէ՞։ Սա ի՞նչ օրենսդրական անգործություն է ԱԺ-ում։ Երեկ Սերժ Սարգսյանն անձամբ է ընդունել գլխից խփելու ջատագովին։
Սակայն, դիցուք, մեկը կասի՝ բայց էդ մարդկանց նյարդերը տեղի են տվել, ուստի նման բառեր են ասում, չէ՞։ Իսկապես, չեմ վիճում։ Նյարդերը տեղի են տվել։ Բայց ԱԺ կամ դատարանի նիստերի դահլիճը «սիկ..ր» անելու կամ «գլխից խփելու» լավագույն իրավաբանական տարածքը չեն։ Ավելին, Սահմանադրությունը (գործող) նման գործողությունների համար որևէ վայր չի սահմանել։ Մտեք գողական սխոդկի և արեք ինչ ուզում եք։ Հաջորդ Սահմանադրությունը սահմանել է, գիտեմ, ինչպես Վարդան Պողոսյանն է ասում՝ կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ։ Իսկ երբ հասկանում ենք, որ «սիկ..ր»-ը դուրս հրավիրելը չէ, իսկապես, կյանքի իրավունքը դադարում է լինել բացարձակ իրավունք։ Հիմա ո՞վ է սխոդկաներին ոստիկանություն հրավիրում, Կարո Կարապետյանը կա և «օրենքն» ամբողջությամբ հուսալի ձեռքերում է։ Հիմա ոստիկանությունն ինքն է հրապարակային սխոդկա անում։ Հիշո՞ւմ եք ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «Ես Գասպարյան Վովան եմ» սոպրանոն «Ոչ թալանին»-ի հանրահավաքի առաջին օրերին։ Ո՞վ պետք է նրան կարգի հրավիրեր։ Ոչ ոք։ Ուրեմն, ինչո՞ւ մենք պետք է դատապարտենք Հրայր Թովմասյանին, եթե ինքն արդեն փորձարկում է նոր Սահմանադրության տառն ու ոգին։ Եվ ընդհանրապես, եթե կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ, այսուհետև կյանքին հրաժեշտ տալու բնական իրավունքը օրենսդրորեն ստորադասվում է կյանքից «սիկ..ր» լինելու պարտավորությանը։ Ոստիկանությամբ կամ՝ без։