Արցախից 100 ազատամարտիկ է մեկնել Տավուշի սահմանագոտի

2Արցախից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, հաղորդում է «Արցախպրեսը»:

Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտյան Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել հարյուր ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և միության նախագահ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ:

«Մենք պատրաստ ենք «Մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի ներքո ծառայելու մեր հայրենիքի բոլոր հատվածներում: Մեկնում ենք մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ: Մեր նպատակն է մեկ անգամ ևս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել և հասկացնել, որ այլևս հրաժարվի նման ոտնձգություններից: Ավելին՝ Արցախի ազատամարտիկները միշտ պատրաստ են մեկնել նաև Արևմտյան Հայաստան՝ ազատագրելու մեր հայրենիքի մյուս հատվածները ևս: Ասկերանի տարածքային միավորման անդամներից շատերն են ցանկություն հայտնել սահմանագիծ մեկնելու, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով այս անգամ ավելի քիչ ազատամարտիկներ են ընդգրկվել Ասկերանից»,- «Արցախպրես»-ի թղթակցին ասել էԱրցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյան:

Մեկ այլ ազատամարտիկ՝ Էդիկ Խաչատրյանը, ասել է, որ «սահմանագիծ մեկնելու և մեր զինվորների կողքին կանգնելու մեր հերթական առաքելության նպատակը մեկ անգամ ևս ցույց տալն է, որ հայ ազգը պատրաստ է ցանկացած պահի միասնական գործելու, ինչը մեր հաղթանակի գրավականն է»:

Արցախի ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» կազմակերպության նախագահ Հարութ Մնացականյանի խոսքով՝ այցելությունը սահմանագիծ խորհրդանշական բնույթ է կրում, քանզի սահմանին կանգնած մեր զինվորներն անթերի ու վստահ են իրականացնում իրենց առաքելությունը. «Մեր նպատակն է ևս մեկ անգամ ցույց տալ մեր միասնությունն ու այն կամքը, որ պատրաստ ենք կանգնելու բոլորիս հայրենիքի սահմանի ցանկացած հատվածի պաշտպանության դիրքերում»:25344