ՀՀ և ՌԴ էներգետիկայի նախարարներ Երվանդ Զախարյան և Ալեքսանդր Նովակ
Հայաստանին մատակարարվող գազի բազային գինը 189 դոլարից իջեցվում է 165-ի՝ 1000 խ/մ-ի դիմաց, հաղորդում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ՌԴ էներգետիկայի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն են ստորագրել:
Փաստաթուղթը սահմանում է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի նորմալ գործունեության համար հիմնարար պայմանները:
ՀՀ և ՌԴ էներգետիկայի նախարարներ Երվանդ Զախարյանը և Ալեքսանդր Նովակը արձանագրություն են ստորագրել նաև «ՀայՌուսԳազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանների և ընկերության հետագա գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Արձանագրությամբ հայկական կողմը ստանձնել է Հայաստանի տարածքում «Գազպրոմ» ընկերության էլեկտրաէներգետիկ ակտիվների արդյունավետ աշխատանքի պայմաններ ապահովելու պարտավորություն՝ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման դեպքում:
ՌԴ էներգետիկայի նախարարն ընդգծել է, որ ներկայում Ռուսաստանը Հայաստանին նավթամթերքի հիմնական մատակարարն է:
***
Հայաստան առաքվող ռուսական գազի գինը մինչև 165 դոլար/1000 խմ իջեցնելու մասին առաջին անգամ հայտարարել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը՝ ապրիլին ռուսական «Ռոսիա 24» հեռուստաալիքի «Էներգետիկա» հաղորդման շրջանակում:
«Հայաստանի Հանրապետության համար գինը, հաշվի առնելով նրա անդամակցությունը ԵՏՄ-ին, իջեցվելու է: Այն կկազմի 165 դոլար` 1000 խմ-ի դիմաց: Մինչև վերջերս այն 190 դոլար էր: Կարող եմ ասել, որ գնի այդ մակարդակը մեզ թույլ է տալիս այդ թվում իրականացնել ներդրումներ գազատրանսպորտային համակարգի արդիականացման համար»,- ասել էր Միլլերը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ՍիվիլՆեթին տեղեկացրել էին, որ փոփոխությունը պայմանավորված է հանգամանքով, որ ներկայիս փոխարժեքն արդեն զգալիորեն տարբերվում է սակագնայինից: Բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում ընդունված է 416.56 դրամ/դոլար փոխարժեքը: ««Ելնելով սրանից՝ ընդառաջվեց սահմանին գազի գինը վերանայել՝ ներքին սպառման շուկայում գազի սակագինը չվերնայելու համար: Ընկերությունը ներքին սպառման գազի սակագնի վերանայման հայտով չի դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»,- ՍիվիլՆեթին ասել էին ընկերությունում:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը ներկայում 156 դրամ/1խմ է:
2014թ. հունվարի 16-ին Ալեքսեյ Միլլերն ու Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքեցին «ՀայՌուսգազարդ» ընկերության 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը, որով «Գազպրոմն» ավելացրեց իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդում» մինչև 100%, և ընկերությունը կոչվեց «Գազպրոմ Արմենիա»: