Թուրքիայում սաստկանում են թուրք-քրդական բախումները

HDP կուսակցության Անկարայի գրասենյակն այրվել է

Թուրքիայում երկու օր է՝ զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում, թուրքական մամուլի բնորոշմամբ, «PKK-ի ահաբեկչական արշավի դեմ»: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքը հայտնելու սեպտեմբերի 6-ին Հաքքարիում թուրք 16 զինծառայողի սպանության, ապա սեպտեմբերի 7-ին Իգդիրում PKK-ի կազմակերպած հուժկու պայթյունի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է 14 թուրք ոստիկան, ևս երկուսը վիրավորվել են:

Բողոքի երթերի ընթացքում թիրախավորվել են քրդական կուսակցությանը պատկանող կենտրոնական գրասենյակները, շենքերը, քուրդ գործարարներին պատկանող խանութները:

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ «PKK-ի ահաբեկչական արշավին վերջ տալու համար»:

Այսպես՝ սեպտեմբերի 8-ին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) Անկարայի և Կենտրոնական Անատոլիայի գրասենյակները ենթարկվել են թուրք ազգայնականների հարձակմանը: Hurriyet Daily News-ը հաղորդում է, որ մոլեգնող ամբոխը հարձակվել է HDP-ի Անկարայի գլխամասի վրա՝ շենքի վրա նետելով քարեր: AFP գործակալության տարածած լուսանկարում երևում է, որ գրասենյակն այրվել է:

Նմանատիպ հարձակումների են ենթարկվել նաև կուսակցության այլ գրասենյակներ:

Տեղի ունեցածի վերաբերյալ թվիթերյան իր գրառման մեջ քրդամետ կուսակցությունը նշել է, որ իր կենտրոնակայանը հարձակման է ենթարկվել, սակայն ոստիկանությունը չի կատարել իր պարտականությունները:

Ընդհանուր առմամբ վերջին երկու օրերին Թուրքիայի տարբեր քաղաքներում հարձակումներ են եղել HDP-ին պատկանող 128 շենքի վրա:

Հարձակում Hurriyet օրաթերթի խմբագրության վրա

Սեպտեմբերի 8-ի անկարգությունների ընթացքում հարձակման թիրախ են դարձել նաև թուրքական Hurriyet օրաթերթի Անկարայի և Ստամբուլի գրասենյակները:

Ստամբուլում թերթի խմբագրության մոտ հավաքված մոտ 100 ցուցարարներ փորձել են պաշարել շենքը. հարձակումը թվով երկրորդն էր մեկ շաբաթվա ընթացքում: Բողոքի ակցիայի մասնակիցները քարեր են նետել շենքի ուղղությամբ, կոտրել ապակիները և փորձել ներս մտնել, սակայն նրանց մուտքը կանխել է ոստիկանությունը:

«Եթե նրանք մտնեին ներս, չգիտեմ՝ կլինեի արդյոք այստեղ հիմա,- ասել է Hurriyet-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը: – Չեմ կարող հավատալ, որ լրագրող եմ ժողովրդավար երկրում, քանզի վախն ու ժողովրդավարությունը չեն կարող համագոյակցել»:

Օրաթերթի խմբագրության վրա հարձակման պատճառն այն է, որ թերթը հրապարակել է նախագահ Էրդողանի հակասական հայտարարությունները թուրք զինծառայողների մահվան և ընտրությունների մասին. Էրդողանն ասում է, որ նրա հայտարարությունը համատեքստից դուրս է ներկայացվել:

Մի՛ փոխարինեք ձեզանով օրենքը. վարչապետ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դատապարտել է տեղի ունեցած «բարբարոսությունն ու բռնությունը»՝ Թվիթերի իր գրառման մեջ քննադատելով կուսակցություններին ու թերթերին պատկանող ունեցվածքի ոչնչացումը: Նա շեշտել է, որ ահաբեկիչների պատիժը «կյանքի կկոչեն անվտանգության ուժերն ու դատական համակարգը»:

«Ոչ ոք իրենով չպետք է փոխարինի օրենքը»,- նշել է Թուրքիայի վարչապետը:

Իգդիրում տեղի ունեցած պայթյունը խլել է 14 կյանք

Ավելի վաղ՝ Իգդիրում պայթյունից հետո, Դավութօղլուն խոստացել էր մաքրել «լեռները ահաբեկիչներից»:

Քրդերը կարևոր են բռնությանը վերջ տալու հարցում. Էրդողան

Երկրում ստեղծված իրադրության շուրջ հայտարարությամբ է հանդես եկել նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ կոչ անելով Թուրքիայի հարավարևելյան շրջանների ժողովրդին PKK-ի դեմ դուրս գալ:

«Եթե տարածաշրջանի մարդիկ դուրս գան ահաբեկչական կազմակերպության դեմ…, այս հարցը արագ կլուծվի,- ասել է Էրդողանը: – Նրանք, ովքեր սկսել են հակամարտությունը և վերջ դրել գործընթացին [թուրք-քրդական խաղաղության գործընթաց] ահաբեկչական կազմակերպություն են: Մենք հստակ քայլեր կձեռնարկենք ահաբեկչությանը վերջ տալու, նրանց զենքը թաղելու և երկրում խաղաղությունը վերահաստատելու համար»:

Քրդերի դեմ հարձակումները՝ քայլ քաղաքացիական պատերազմի ուղղությամբ

Քրդական կուսակցության շենքերը, տները և փոխադրամիջոցները Թուրքիայով մեկ հարձակումների են ենթարկվում, քրդերը հետապնդվում են. քրդական Rudaw կայքի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը սեպտեմբերի 8-ի մամուլի ասուլիսի ժամանակ: Յուքսեքդաղը նախազգուշացրել է, որ վերջին բռնությունները «վտանգավոր քայլ են՝ քաղաքացիական պատերազմի ուղղությամբ»:

HDP-ի համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղ

Կուսակցության մեկ այլ համանախագահ՝ Սելահհաթին Դեմիրթաշը, թուրքերին և քրդերին կոչ է արել միավորել ուժերը Թուրքիայում բռնությանը վերջ տալու համար և ասել, որ «խաղաղությունն ի վերջո կհաղթի»:

Դեմիրթաշի խոսքով՝ 16 զինծառայողի սպանությունը «տխրեցրել է միլիոնավոր մարդկանց»: Պատասխանելով հարցին, որը վերաբերում էր իր մեկնաբանությանը, թե «նման մթնոլորտում ընտրություններ չեն կարող տեղի ունենալ», Դեմիրթաշն ասել է, որ HDP-ն չի վախենում ընտրություններից, և ցանկանում է, որ նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրությունները կայանան: Քրդամետ կուսակցության համանախագահն, այդուհանդերձ, վերապահում է արել, որ երկրի հարավ-արևելքը ընտրությունների անցկացման համար բավականաչափ հանգիստ չէ, և «սա՛ է այն մթնոլորտը, որին ձգտում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը»:

***

Այս տարվա հուլիսին թուրքական օդուժը սկսեց հարվածներ հասցնել PKK-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ գործողություններն անվանելով «ահաբեկչության դեմ միաժամանակյա պատերազմ»: Այսպիսով խախտվեց քրդերի և Թուրքիայի միջև զինադադարը, որը տևեց երկու տարի և որի նպատակն էր վերջ դնել երեք տասնամյակ տևող հակամարտությանը. դրա արդյունքում զոհվել է մոտ 40 հազ. մարդ:

PKK-ն Թուրքիայում ահաբեկչական կառույց է հռչակված: 1984թ. ի վեր կառույցի ռազմական թևը պատերազմ է հայտարարել Թուրքիային և նպատակ ունի երկրի քրդաբնակ շրջաններում անկախ պետություն ստեղծել:

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել