«Լա Սկալայի» նվագախումբը համերգ է նվիրել Հայոց ցեղասպանության հիշատակին

Սեպտեմբերի 5-ին «Լա Սկալայի» ֆիլհարմոնիկ նվագախումբը Հռոմում հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգով:

Ինչպես ասված Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, նվագախումբը ղեկավարում էր բրիտանացի հայտնի դիրիժոր Դանիել Հարդինգը: Համերգը կայացել է իտալացի աշխարհահռչակ ճարտարապետ Ռենցո Պիանոյի նախագծով կառուցված Հռոմի երաժշտական աուդիտորիում համալիրի Սինոպոլի դահլիճում:

Համերգը կազմակերպել էր «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և Իտալիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ:

Նախքան համերգի մեկնարկը Սինոպոլի լեփլեցուն դահլիճում հանդիսատեսներին ողջույնի խոսքով դիմել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը: Նա կարևորել է երաժշտության դերը համամարդկային արժեքների շուրջ համախմբման գործում՝ նշելով, որ «չկա ավելի համամարդկային լեզու, քան երաժշտությունը, որի միջոցով հնարավոր լինի դիպչել մարդկանց հոգիներին և նրանց պատմել մարդկության դեմ ուղղված այնպիսի հանցագործության մասին, ինչպիսին ցեղասպանությունն է»: Դեսպանը հավելել է, որ մեր օրերում Միջին Արևելքում կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ զանգվածային հալածանքների դեպքերը վկայում են, որ ցեղասպանության թեման այսօր ևս արդիական է:

Համերգին հնչել են Արամ Խաչատրյանի, Բեթհովենի և Դվորժակի ստեղծագործությունները:

Համերգին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, իտալացի մշակութային և հասարակական գործիչներ, Իտալիայում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Միջոցառմանը լայնորեն անդրադարձել են իտալական լրատվամիջոցները, այդ թվում հանրային հեռուստատեսությունը:

Մեկնաբանել