ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այցելել է Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի գրասենյակից, Սարգսյանը ծանոթացել է շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:
2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին: Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը:
Մարզաբազա այցից հետո Սերժ Սարգսյանը Ծառուկյանի հետ այցելել է վերջինին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Ծառուկյանի հետ նա շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման և վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին և խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին:
Սերժ Սարգսյանն այցելել է նաև կոմբինատի տարածքում գտնվող թանգարանը:
***
Այս տարվա փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության քաղխորհրդի նիստին այդ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը սուր քննադատության էր ենթարկել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին՝ նրան հասցնելով անձնական վիրավորանքներ և վերազանցել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Փետրվարի 13-ին Ծառուկյանը կոշտ ելույթով պատասխանել էր Սարգսյանին։
Փետրվարի 17-ին տեղի ունեցավ Ծառուկյան-Սարգսյան հանդիպում: Ոչ իշխանական երեք ուժերի` ԲՀԿ-ի, Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության»` փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը չկայացավ: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունից հեռանալու և ԲՀԿ-ի ղեկը հանձնելու մասին:
Մարտի 5-ին Ծառուկյանը հանդես եկավ ելույթով, և հայտարարեց, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից և հեռանում է ակտիվ քաղաքականությունից: