«Ոչ թալանին»-ը Հայաստանի քաղաքացիական շարժումների ամենակայացած խայտառակությունն է։ Արդեն երեք ամիս այս «շարժումը» մաշեցնում է ըմբոստի կամքը։ Արդեն երեք ամիս այս տղաներն իրենցով փակում են նոր Սահմանադրության նախագծի դեմ սպասվող բողոքի գործողությունների արդյունավետության հանդեպ հավատը։ Այս տղաները դարձել են Սերժ Սարգսյանին առընթեր ըմբոստներ։ Նրանք այսօր բողոքի գործողությունները ճնշելու ոստիկանության զորավարժությունների մասնիկն են։ Կարճ ասած, նրանք նույնքան ոստիկաններ են, որքան նրանց բերման ենթարկողները։
Սերժ Սարգսյանը գիտի, որ իր Սահմանադրությունը վաղ թե ուշ փողոց է հանելու մարդկանց։ Լավ գիտի։ Այս տղաներն էլ գիտեն, որ երախտապարտ են Սերժ Սարգսյանին իրենցից միջազգային լրահոսի հերոսներ սարքելու համար։ Բայց ինչպե՞ս անել, որ կոտրեն քաղաքական ապագա ըմբոստության կամքը։ Սա մեզ համար է հարց։ Նրանց համար հարց չէ։ Այս տղաներին, իհարկե, պետք չէ խանգարել։ Նրանց նույնիսկ նկատել պետք չէ։ Նրանք իրենց գործն արել են, ավելացրել են ոստիկանական բանդան։ Հիմա մենք գիտենք, որ հարկ եղած դեպքում նրանք կմիանան ոստիկաններին տարբեր իշխանական լրատվական կայքերի միջոցով մեզ սովորեցնելու, որ կառավարությունը հոկտեմբերի 1-ից մեր քթից է բերելու էլեկտրաէներգիայի սակագինը, իսկ դուք «սահմանադրական բարեփոխումների» նախագծի դեմ եք պայքարում։ Նրանք մեզ սովորեցնելու են, որ հիմա քաղաքական բողոքների ժամանակը չէ։
Հայկական ըմբոստության անպտղության առաջին ողբերգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի ստեղծած աղետներն այնքան շատ են, որ մեկի դեմ ըմբոստությունը կարելի է կռվացնել մյուսի դեմ ըմբոստությամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ բողոքը երբեք չի կանգնի նոր Սահմանադրության դեմ ըմբոստության մեջքին, նաիրիտցիներն, ասենք, փողոց դուրս չեն գա հանուն «գերակա շահի» զոհերի։
Սերժ Սարգսյանն ինչու՞ է իշխանությունը պահում արյուն թափելով ու ըմբոստություններ կռվացնելով. որովհետեւ, եթե այս բոլորը շուռ եկան նրա դեմ, ոչ միայն նրա գերդաստանի ամենամեծ կտորն ականջն էլ չի մնա, այլեւ Հայաստանը կարող է հայտնվել քաղաքացիական պատերազմի մեջ։ Ինքը 1993-ից ի վեր Հայաստանում, որպես մատաղացու գառան, բտել է հակաքաղաքացիական «քաղաքացուն»։ Այս իրավիճակում, իսկապես, մարդը չգիտի, թե հատկապես որ խնդրի վրա կենտրոնացնի իր ըմբոստությունը, հատկապես որ աղետի դեմն առնելու համար պիտի փողոցից տուն չգնա։ Աղետների դեմ բողոքի տեսականու ընտրությունն այնքան լայն է, որ քաղաքացին դարձել է Բուրիդանի էշ, չի կարողանում ընտրություն կատարել իր դիմաց դրված «խոտի երկու դեզի» միջեւ։ Քաղաքացին խցանվել է տարբեր սոցիալական անհարմարությունների մեջ ու մտքով էլ չի անցնում, որ խնդիրը սոցիալական անհարմարությունները չեն, այլ՝ Սերժ Սարգսյանը։
Սա է պատճառը, որ հայաստանածին (թույլ տվեք այդպես ասել) Հովիկ Աբրահամյանն ու օլիգարխիան դեռ Սերժ Սարգսյանի հետ են։ Որովհետեւ սոցիալական տասնյակ աղետները միմյանց հետ լեզու չեն գտնում, չեն դառնում մեկ ընդհանուր բողոք, այլ խոսքով, չեն քաղաքականացվում։ Հովիկ Աբրահամյանը «բարձր եւ որակյալ» կրթության պատճառով գլխի չի ընկնում, որ քանի դեռ սոցիալական բողոքները չեն քաղաքականացվում, դրանցից յուրաքանչյուրն ուղղված է անձամբ իր դեմ։ Նրան դժվար է բացատրել, որ քանի դեռ այդ բողոքները չեն քաղաքականացվում, ինքը այդ բողոքների առաջին թիրախն է։ Եթե ինքը կես ականջ հետեւել է «Ոչ թալանին»-ի վերջին անորակ ակցիային, նկատած կլինի, որ բողոքի հիմնական թիրախն ինքն էր։ Եվ հազիվ թե մտածած լինի, որ այստեղ էականը բողոքի անորակությունը եւ այդ տղաներին այլեւս լուրջ ընկալելը չէ, այլ այն, որ բողոքի բնույթը միշտ սոցիալական է, որի անմիջական պատասխանատուն ինքն է։ Իսկ բողոքը հենց սոցիական ծիրում պահելու հեղինակն էլ Սերժ Սարգսյանն է։
Բայց մի բան կա, որ Սերժ Սարգսյանն էլ չի հասկանում եւ աշխարհի ոչ մի բռնապետ չի հասկանա՝ նրանք սովոր են ըմբոստության հարցերը լուծել արյուն թափելով։ Բանն այն է, որ ապաքաղաքացիացնելով Հայաստանի քաղաքացուն եւ նրան սոցիալական տարբեր աղետների դեմ անպտուղ բողոքի դռները գցելով, նա հասունացնում է վայրենուն։ Ցանկացած բողոքի քաղաքականացումն առաջին հերթին ՀՀԿ ղեկավարին է պետք, որովհետեւ քաղաքական բողոքը միշտ փոխզիջման դաշտ ունի։ Ցանկացած քաղաքական սոցիոլոգ սա կհաստատի։
Սոցիալական անիմաստ, չբավարարվող բողոքը քաղաքացու համար նույնն է, ինչ, ներողություն, իհարկե, շանն անընդհատ մութ սենյակում պահելը։ Ջորջ Օրուելի «Անասնաֆերմայում» մի էջ կա այս մասին, թե ինչի է ընդունակ այդպիսի շունը (կրկին ներողություն)։ Իհարկե, այստեղ էլ Սերժ Սարգսյանը լուծումը գտել է, եւ ճիշտ չէ ասելը, թե ընդհանրապես չի հասկանում։ Ինքը ՀՀ քաղաքացուն փակի տակ չի պահում, այլ միայն՝ նրա խնդիրների լուծումը, որովհետեւ լուծում չունի, լուծում ունենալու համար չէ, որ կոտորել է 10 հոգու 2008-ի մարտի 1-ին։ Նրա գտած լուծումն այն է, որ ՀՀ քաղաքացուն օտարում է Ռուսաստան։ Եվ նույնիսկ այդ օտարումից խոշոր շահ ունի՝ հանձին ավիատոմսերի թանկ գների։ Հետեւաբար, արտագաղթող ՀՀ քաղաքացին նույնն է, ինչ «Ոչ թալանին»-ի առաջնորդները, նույնն է, ինչ ՀՀ ոստիկանը, նույնն է, ինչ իշխանական կայքերի լրագրողները, նույնն է, ինչ Արմեն Աշոտյանը, նույնն է, ինչ այն մարդասպանը, որն սպանությունից անմիջապես հետո ինքնասպան է լինում, նույնն է, ինչ բոլորը, ովքեր «այս կյանքը մեկ անգամ են ապրում»։ Այդպիսիններից սիրիացի փախստական էլ դուրս չի գա, որոնք փախչում են ստույգ մահից, ոչ թե մարդասպանից։