Դիտորդները ընտրախախտումներ են արձանագրել Իջևանում և Մարալիկում (թարմացված)

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինը մարզում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի, ընթանում են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:

ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 22 համայնքում: Դրանցից 14-ում տեղի են ունենում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, յոթ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ և մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիան կնետրոնը պարբերաբար հաղորդում է Տավուշի մարզի Իջևան և Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում արձանագրված ընտրախախտումների մասին: Ստորև ներկայացվում են արձանագրված խախտումները` հակադարձ ժամանակագրությամբ:

12:00-16:00

Իջևանի 41/2 ընտրատեղամասում 15:30-ի շրջակայքում ընտրատեղամաս է եկել նույնականացման քարտով ընտրող, որին, բնականաբար չեն թույլատրել քվեարկել: ՏԸՀ նախագահը (Ասյա Սարգսյան, ՕԵԿ) հանձնարարել է համայնքի ղեկավարի թեկնածու Վարդան Ղալումյանի վստահված անձին ընտրողին մեքենայով տուն տանել, որպեսզի նա անձնագիրը բերի և մասնակցի ընտրությանը:

Մարալիկի 36/1 ընտրատեղամասում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդը նկատել է, որ առավոտվանից տևական ժամանակ ընտրատեղամասին հարակից տարածքում, չպահպանելով 50 մ շառավղի արգելքը, առկա են մարդկանց կուտակումներ: Ըստ թեկնածու Արտակ Ավդալյանի վստահված անձի` այդ մարդիկ թեկնածու Արտակ Գևորգյանի կողմնակիցներն են:

Հանձնաժողովի նախագահին տեղեկացվել է կուտակումների մասին. վերջինս դիմել է ոստիկանների օգնությանը` կուտակումները վերացնելու համար: Ձեռնարկված միջոցների արդյունքում կուտակումները վերացվել են:

Իջևանի 41/2 ընտրատեղամասում ժամը 12-ի սահմաններում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդը և համայնքի ղեկավարի թեկնածու Վարուժան Ներսիսյանի վստահված անձը նկատել են, որ ընտրող Անուշ Սահակյանի փոխարեն քվեախցիկ է մտել և առանց նրա՝ քվեարկություն կատարել մեկ այլ ընտրող:

Հանձնաժողովի նախագահի (Ասյա Սարգսյան, ՕԵԿ) ուշադրությունը հրավիրվել է այս փաստի վրա. պարզվել է, որ քվեարկությունը կատարել է Անուշ Սահակյանի հարսը՝ առանց օգնելու անհրաժեշտությունը հիմնավորելու և այդ մասին հանձնաժողովին տեղյակ պահելու և որպես օգնող գրանցվելու:

Խախտման վերաբերյալ վստահված անձի դիտարկումը ՏԸՀ նախագահն անտեսել է, և այդ մասին գրանցամատյանում գրառում չի կատարել:

10:00-12:00

Իջևանի 41/2 ընտրատեղամասում ժամը 10:10-ի սահմաններում դիտորդը նկատել է, որ անձը չպարզված տղամարդը ընտրատեղամասի մուտքի մոտ փող է փոխանցել ընտրատեղամասից դուրս եկող կնոջը: Այնուհետև տեսնելով, որ իրենց նկատել են լրագրողը և դիտորդը, նրանք տեղափոխվել են 50 մ այն կողմ:

Քվեարկության առաջին ժամերին Մարալիկի և Իջևանի տեղամասերում ընտրողները քվարկել են նույնականացման քարտով կամ կենսաչափական անձնագրերով: Տեղական ընտրական հանձնաժողովներին (ՏԸՀ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) միայն ժամը 10:00-ին է զգուշացվել, որ չի թույլատրվում այդ փաստաթղթերով քվեարկել:

Իջևանի 41/3 ընտրատեղամասում առավոտից մոտ 10 ընտրող չի կարողացել քվեարկել, քանի որ ունեցել է կենսաչափական անձնագիր: Նրանց ՏԸՀ-ից ուղարկել են անձնագրային բաժին` 9-րդ ձև ստանալու համար, ինչը մերժվել է կենսաչափական անձնագիր ունենալու պատճառաբանությամբ: Արդյունքում ընտրողները վերադարձել են տեղամաս առանց 9-րդ ձևի, և նրանց հնարավորություն չի տրվել քվեարկելու՝ համապատասխան փաստաթղթի բացակայության պատճառով:

***

Իջևանում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է ՀՀԿ-ական երկու թեկնածու` գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը (ՀՀԿ-ի կողմից առաջադրված) և նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը (ինքնաառաջադրում): ՀՀԿ-ական մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված Արմեն Խաչատրյանը, օգոստոսի կեսերին ինքնաբացարկ էր հայտնել և հայտարարել էր, որ սատարելու է Վարդան Ղալումյանին:

Մարալիկում ևս թեկնածուները երկուսն են` քաղաքապետի պաշտոնն արդեն 11 տարի զբաղեցնող, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանը և ԲՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանը:

Դիտորդությունն իրականացվում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնությունը կազմված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդներից:

Մեկնաբանել