1994-ի մայիսին հաստատված զինադադարից ի վեր Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարբեր հանգամանքներում կորցրել են ավելի քան երեք հազար քաղաքացիական անձանց և զինվորականների, հիմնականում՝ 18-ից 20 տարեկան ժամկետային զինծառայողների: Ավելի քան 20 տարի շարունակվող «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, հատկապես վերջին տարիներին, մի քանի էական փոփոխություններ է կրել:
Հայաստան-Ադրբեջան սահմանի և Արցախ-Ադրբեջան սահմանի կամ ինչպես ընդունված է ասել՝ շփման գծի երկայնքով արձանագրվող ողբերգական պատահարները երեք հիմնական խմբի կարելի է բաժանել.
ա. դիպուկահարների կրակոցներից սպանվածներ,
բ. պատերազմի տարիներին ցանված ականների հետևանքով զոհեր ու խեղվածներ,
գ. սահմանամերձ գյուղերի քաղաքացիական անձանց շրջանում կորուստներ:
Պատերազմի տարիներին ցանված ականները հրադադարից հետո հիմնականում մաքրվել են: Խոսքը այն ականների մասին է, որոնք ցանվում էին, երբ ռազմաճակատի գիծը փոխվում էր: Այսպես, Մարտակերտի շրջանում բազմաթիվ էին ականապատ տարածքները, քանի որ շրջանը ռազմական գործողությունների ընթացում ձեռքից ձեռք էր անցնում: Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմանների երկայնքով ցանված ականները՝ լինեն դրանք հակատանկային կամ այլ տեսակի, մնում են իրենց տեղում, քանի որ զսպիչ գործոն են: Այսպիսով, կարող ենք ասել, որ ականների պայթյունների հետևանքով արձանագրվող ողբերգական դեպքերը հասել են նվազագույնի, քանի որ պատերազմի տարիներին ականապատված դաշտերը մեծամասամբ մաքրվել են:
Դիպուկահարների կրակոցներից սպանվում են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք: Քանի որ Արցախում այսօր չկան բնակավայրեր (բացառությամբ մեկ-երկուսի Մարտակերտի հյուսիսային հատվածում), որոնք անմիջականորեն մոտ են շփման գծին, քաղաքացիական անձինք չեն տուժում: Արցախում արձանագրվող զոհերը գերազանցապես զինվորականների շրջանում են: Ընդ որում, եթե նախկինում հայ զինծառայողները զոհվում էին հակառակորդի դիպուկահարների կրակոցներից, ապա վերջին մեկ-երկու տարիներին ավելացել են դիվերսիաների՝ ներթափանցման գործողությունների հետևանքով զոհերը:
Քաղաքացիական բնակչության շրջանում ամենից շատ տուժում են Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածի գյուղերը, քանի որ դրանք հենց սահմանին են կամ ադրբեջանական զինուժի ափի մեջ, և որտեղ հակառակորդը որոշ հատվածներում ունի դիրքային, աշխարհագրական առավելություն: Կյանքի համար ամենից վտանգավոր գյուղերն են Չինարին, Մովսեսը, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը և Պառավաքարը Տավուշի մարզի Բերդի հատվածում, Բերքաբերը Իջևանի, ինչպես նաև Բաղանիսը, Ոսկևանը, Կոթին, Բարեկամավանը, Դովեղը և Բերդավանը Նոյեմբերյանի հատվածում:
Ադրբեջանը հասկացավ, որ «դիպուկահարների պատերազմ»-ից, երկարատև կտրվածքով, որևէ օգուտ չկա: Սպանվում են երիտասարդ տղաներ, ընդ որում՝ կրկնակի ավելի շատ ադրբեջանցիներ, սահմանում և շփման գծում որևէ էական փոփոխություն տեղի չի ունենում, դիպուկահարների լկտիության հետևանքով բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմը զիջումների չի գնում:
Եկավ մի պահ, դա հավանաբար 2014-ի ամառն էր, երբ Ադրբեջանը որոշեց «դիպուկահարների պատերազմ»-ը փոխարինել «դիվերսանտների պատերազմ»-ով: Ավելի քան մեկ տարի շարունակող այս պատերազմում էլ Ադրբեջանը ոչինչ չի ստացել:
Ոչի՛նչ:
Սահմաններում ստատուս քվոյի փոփոխություն չի արձանագրվել, ադրբեջանական կողմը չի կարողացել իր առաջապահ դիրքերը մոտեցնել հայկական սահմանին (հակառակը, մի քանի հատվածներում հայկական կողմն է հասել դիրքային առավելության), այդ դիվերսիաների հետևանքով կորցրել է ավելի շատ մարդկային կյանք, քան հայկական կողմը:
Սակայն Ադրբեջանը չի հանգստանում և ժամանակ առ ժամանակ սահմանային միջադեպեր է հրահրում, հիմնականում՝ «դիվերսանտների պատերազմ»-ների տեսքով և հրետակոծում է (մանր և միջին տրամաչափի ժամանակակից զենքերով) Տավուշի մարզի վերոնշյալ գյուղերը, բառի բուն իմաստով՝ թույլ չի տալիս, որպեսզի այդ բնակավայրերում իրականացվեն գյուղատնտեսական աշխատանքներ: Հայկական կողմը, բնականաբար, դիմում է համարժեք գործողությունների և լռեցնում հակառակորդին:
Ադրբեջանը սահմանային լարվածություն է հրահրում մի քանի պատճառներով: Առաջին հերթին, Բաքուն փորձում է դրանով բանակցությունների ընթացքում (վերջին տարիներին բանակցություններ էլ չկան) զիջումներ կորզել Երևանից: Ադրբեջանական դիվերսիաները ուղղված են նաև միջազգային հանրությանը: Դրանով Իլհամ Ալիևը անդադար փորձում է միջազգային օրակարգի մաս պահել Արցախյան չլուծված հակամարտությունը, ինչը նրան, լայն հաշվով, չի հաջողվում: Ավելին, միջազգային հանրությունը, որ հավանաբար կցանկանար ստատուս քվոյի խաղաղ փոփոխություն հօգուտ Ադրբեջանի, չի քաջալերում ադրբեջանական դիվերսիաները, քանի որ ուզում է տեսնել խաղաղ և կանխատեսելի Կովկաս:
Հայկական կողմի համար այսօր առաջնային է Ադրբեջանին իր սահմաններում զսպել և հնարավորինս անվտանգ դարձնել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի առօրյան:
Հայկական լրատվական դաշտում և փորձագետների շրջանում երբեմն քննարկվում է, հրապարակավ կամ լռելյայն, թե արդյոք ժամանակը չէ՞, որ Հայաստանը Տավուշի հատվածում լռեցնի հակառակորդին՝ գրավելով այն առաջապահ դիրքերը, որտեղից Ադրբեջանը անդադար անհանգստացնում է հայկական գյուղերի առօրյան, թույլ չի տալիս, որ հայ մարդը հող մշակի, սպանում և կրակոցներով անհանգստացնում է խաղաղ բնակիչներին:
Տավուշի մարզի աշխարհագրությանը ծանոթ մարդիկ հասկանում են, որ եթե դա հնարավոր էր պատերազմի տարիներին, մանավանդ 1994-ին, երբ Ադրբեջանը բառի բուն իմաստով քանդվում էր և խաղաղություն խնդրում Երևանից ու Ստեփանակերտից, ապա այսօր դա գրեթե հնարավոր չէ: Ավելի ճիշտ, ոչ թե հնարավոր չէ, այլ ռիսկերն են մեծ, իսկ հետևանքները՝ անկանխատեսելի:
Հետևաբար, Հայաստանին այլ բան չի մնում, քան Ադրբեջանին զսպել իր սահմաններում, ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանքին պատասխանել ցավ պատճառող հարվածներով: Եվ ամենագլխավորը՝ սահմանային այն գյուղերում, որտեղ այլևս հնարավոր չէ հող մշակել, ստեղծել աշխատանքային նոր պայմաններ, բացել նոր հնարավորություններ: Այլ խոսքով, օգնել հայ մարդուն, հայ գյուղին:
Այդ մարդն է Հայաստանի սահմանապահը:
Այդ գյուղն է Հայաստանի սահմանապահը: