Տավուշի մարզի Իջևան քաղաքում սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Ղալումյանը:
Ինչպես հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը, Վարդան Ղալումյանը ստացել է 6240 քվե: Քաղաքապետի մյուս թեկնածուն` նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը (ինքնաառաջադրում), ստացել է 2032 քվե: ՀՀԿ-ական մյուս թեկնածուն` ինքնաառաջադրված Արմեն Խաչատրյանը, օգոստոսի կեսերին ինքնաբացարկ էր հայտնել և հայտարարել էր, որ սատարելու է Վարդան Ղալումյանին:
Սեպտեմբերի 13-ին կայացած քաղաքապետի ընտրություններին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում հաղթել է քաղաքապետի պաշտոնն արդեն 11 տարի զբաղեցնող հանրապետական Արտակ Գևորգյանը` 1965 ձայներով: Նրա մրցակցի` ԲՀԿ-ական, սակայն ինքնաառաջադրված Արտակ Ավդալյանի օգտին քվեարկել է 1110 մարդ:
***
Սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինը մարզում` Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի, տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են կայացել:
ՏԻՄ ընտրություններ են անցկացվել 22 համայնքում: Դրանցից 14-ում տեղի են ունեցել միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, յոթ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ և մեկ համայնքում` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Ընտրություններին դիտորդությունն իրականացվել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնությունը կազմված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, ինչպես նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդներից:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիան կենտրոնը պարբերաբար հաղորդել է Իջևան և Մարալիկ քաղաքներում արձանագրված ընտրախախտումների մասին: