Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի գրասնեյակից, նստաշրջանը սկսվել է նեղ կազմով բանակցություններով, որին մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով բանակցություններից հետո նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Այսօրվանից ՀԱՊԿ-ում նախագահությունը Տաջիկստանից անցնում է Հայաստանին: Սեպտեմբերի 15-ին` ավելի վաղ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել էին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Նալբանդյանը ներկայացրել էր ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահության առաջնայնությունները:
***
Ներկայում ՀԱՊԿ-ի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։
Կազմակերպության ստեղծման՝ 1992թ․ ստորագրված պայմանագրի համաձայն՝ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ հարձակում գործելու դեպքում մյուս անդամները պետք է օգնություն տրամադրեն, այդ թվում՝ ռազմական։