Հանրային հեռուստաընկերությունը սեպտեմբերի 16-ից ուղիղ եթերով կհեռարձակի Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերը: Ինչպես ասված է Հանրային հեռուստառադիոընկերության տարածած հաղորդագրությունում, հեռարձակումը կիրականացվի սեփական խնայողությունների հաշվին:
Հանրային հեռուստաընկերությունը նշում է, որ որոշումը կայացվել է` «հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարևորելով սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը և ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը»:
Այսօր ավելի վաղ` Ազգային ժողովի ութերորդ նստաշրջանի անդրանիկ նիստի սկզբին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկել էր Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակել խորհրդարանի բոլոր այն նիստերը, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխություններին:
Զուրաբյանի առաջարկը Սահակյանը մերժել էր՝ ասելով, թե Ազգային ժողովն ուղիղ հեռարձակման համար չունի ո´չ ժամանակ, ո´չ էլ ֆինանսական միջոցներ: