Արևմուտքը կարեկցում է փախստականներին՝ աջակցելով ահաբեկիչներին. Ասադ

«Արևմտյան երկրները մեկ աչքով ողբում են փախստականների համար, մյուսով՝ նայում հրացանի նշանոցի մեջ». այսպիսի հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Փաստացիորեն այդ մարդիկ լքել են Սիրիան ահաբեկիչների ու մահվան սպառնալիքի, ինչպես նաև ահաբեկչության հետևանքների պատճառով: Արդյունքում մարդիկ փախչում են ահաբեկչությունից և գումար վաստակելու հնարավորություն են փնտրում աշխարհի ցանկացած կետում: Արևմուտքը կարեկցում է փախստականներին՝ ճգնաժամի հենց սկզբից աջակցելով ահաբեկիչներին»,- ասել է Բաշար Ասադը:

Նա նկատել է, որ քանի դեռ շարունակվում է Արևմուտքի «տեղեկատվական քարոզարշավը «վարչակարգ» կոչվող սիրիական կառավարության դեմ», եվրոպական երկրները ստիպված են լինելու ավելի շատ փախստականների ընդունել:

«Պետք է վերացնել խնդրի սկզբնապատճառը»,- ասել է Ասադը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում «Ջաբհաթ ալ Նուսրա» (սերտորեն կապված է «Ալ-Կաիդա» գլոբալ ահաբեկչական կազմակերպության հետ – ՍիվիլՆեթ) և «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումների դերի աճին, ապա վերջիններս, ըստ Ասադի, իրենց հզորությամբ պարտական են Արևմուտքին. նա «ահաբեկչությունն ընկալում է որպես խաղաթուղթ, որը կարելի է պարբերաբար հանել գրպանից և օգտագործել»:

«Այսօր նրանք ցանկանում են «Ջաբհաթ ալ Նուսրան» օգտագործել «Իսլամական պետության» դեմ գուցե այն պատճառով, որ ԻՊ-ը որոշ չափով դուրս է եկել վերահսկողությունից, սակայն դա չի նշանակում, որ նրանք ցանկանում են ոչնչացնել ԻՊ-ը: Եթե ցանկանային, կկարողանային դա անել»,- ասել է Բաշար Ասադը:

Սիրիայի նախագահը անդրադարձել է նաև Արևմուտքի դիրքորոշմանը Ռուսաստանի ու Իրանի հանդեպ:

«Ի՞նչն է նրանց առարկությունների էությունը Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի դեմ: Նրանք ինքնիշխան պետություններ են: Արևմուտքը կցանկանար հեռացնել մեկ անձի և նրան փոխարինել մյուսով, որը կգործի այդ երկրների շահերից ելնելով, ոչ թե հայրենիքի»,- հայտարարել է Ասադը ու նշել, որ իր հրաժարականի հարցը կարող է լուծել միայն սիրիացի ժողովուրդը:

***

Սիրիայում 2011 թ-ից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 210 հազ. մարդ: Սիրիացի փախստականների թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, այս տարվա հուլիս ամսվա դրությամբ կազմել է ավելի քան չորս մլն մարդ:

Մեկնաբանել