Սևան Նշանյանը բաց ռեժիմով բանտ կտեղափոխվի

Լուսանկարը՝ «Ակօս» կայքի

Թուրքիայի Այդըն Յենիփազար փակ ռեժիմով բանտում արդեն մեկ տարուց ավելի գտնվող պոլսահայ հայտնի գրող, լեզվաբան Սևան Նշանյանը կտեղափոխվի բաց ռեժիմով բանտ: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հետ զրույցում Նշանյանն ասել է, որ սույն թվականի օգոստոսի 24-ին իրեն կտեղափոխեն Սուլթանհիսարի բաց ռեժիմով բանտ, որտեղ բանտարկյալների համար պայմանները համեմատաբար ավելի մեղմ են: Նշանյանը նաև պատմել է իր բառարանի և նոր նախագծի մասին, որոնց վրա աշխատել է բանտում եղած ժամանակ:

***

Սևան Նշանյանը Իզմիրի Շիրինջե գյուղում իրեն պատկանող հողակտորում 40 ք/մ տարածքի վրա շինություն կառուցելու պատճառով դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման: Նշանյանը մինչև բանտ գնալը ՍիվիլՆեթի հետ զրույցում կանխատեսել էր, որ իրեն կազատազրկեն ոչ թե Մուհամեդ մարգարեին վիրավորելու, այլ ապօրինի շինարարություն կատարելու մեղադրանքով: Բանտից մեկ շաբաթով ազատված Նշանյանը ՍիվիլՆեթին պատմել էր իր բանտային պայմանների մասին և անգամ հույս հայտնել, որ իրեն համակարգիչ և համացանցի մատչում կտրամադրեն, սակայն դեպքերն այլ զարգացում ունեցան:

2014թ. փետրվարի վերջին Նշանյանին Թորբալըի բաց բանտից տեղափոխել են Բուջայի փակ բանտ: Նշանյանի դեմ հետաքննություն էր սկսվել այն պատճառով, որ Թորբալըի բանտում պահակներից մեկի գողության մասին Ֆեյսբուքում և իր անձնական բլոգում գրառում էր կատարել: «Անվտանգության» նկատառումներից ելնելով՝ Նշանյանը չորս անգամ տեղափոխվել է մի բանտից մյուսը: Բանտում եղած ժամանակ Նշանյանին նոր մեղադրանքներ են առաջադրվել և պատժաչափը ավելացել է:

Անցյալ տարեվերջին Սևան Նշանյանի պատժաչափը ավելացվել է մինչև 11 տարի 8 ամիս:

Մեկնաբանել