Վաղվանից հրաժեշտ կտանք անցյալին. Ալեքսիս Ցիպրաս
Սեպտեմբերի 20-ին Հունաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասի գլխավորած ձախակողմյան ուժերի «Սիրիզա» դաշինքը՝ հավաքելով ձայների 35,47 տոկոսը (145 տեղ խորհրդարանում՝ հաշվի առնելով հաղթողին տրվող 50 լրացուցիչ տեղերը): Անցած ընտրությունները Հունաստանում վերջին վեց տարում թվով հինգերորդ համընդհանուր ընտրություններն էին:
«Սիրիզա»-ն և «Անկախ հույները» (3,69 տոկոս ձայներ, 10 տեղ խորհրդարանում) միասին կունենան 155 մանդատ, ինչը նրանց համար մեծամասնություն է ապահովում. կառավարության ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 151 տեղ Հունաստանի 300-տեղանոց միապալատանի խորհրդարանում:
Ալեքսիս Ցիպրասը «Սիրիզա»-ի հաջողությունն անվանել է «ժողովրդի հաղթանակ»: Նա հայտարարել է, որ Հունաստանը պետք է դժվար ուղի անցնի. ֆինանսական ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն քրտնաջան աշխատանքի միջոցով:
«Վաղվանից մենք հրաժեշտ կտանք անցյալին: Հունական դրոշն այսօր ծածանվում է ոչ միայն մեր երկրում, այլև Եվրոպայի ամենամեծ հրապարակներում»,- ասել է «Սիրիզա»-ի առաջնորդը:
***
Հունաստանի նոր կառավարության քաղաքականությունն արդեն կանխորոշված է միջազգային վարկատուների հետ երկրի ունեցած համաձայնագրի պայմաններով՝ ֆինանսական օգնության երրորդ փաթեթի շրջանակում: Երկիրը գտնվում է ֆինանսական խոր ճգնաժամի մեջ, և ընտրություններում հաղթած քաղաքական ուժը պետք է շարունակի տնտեսական խնայողության քաղաքականությունը:
Օգոստոսի կեսին Հունաստանի և միջազգային վարկատուների միջև կնքվել է ֆինանսական նոր փաթեթի շուրջ համաձայնագիր, որը նախատեսում է խնայողության խիստ միջոցներ: Վարկատուների հետ գործարքը մեծ հարված հասցրեց Ալեքսիս Ցիպրասի ժողովրդականությանը, քանի որ հուլիսի 5-ին երկրում անցկացված հանրաքվեի արդյունքում մասնակիցների 61.3 տոկոսը դեմ էր քվեարկել միջազգային վարկատուների կողմից Հունաստանին հերթական վարկի տրամադրմանը:
Համաձայնությունից հետո Ցիպրասը մի շարք հարցազրույցներում հայտարարել է, որ որոշումն ընդունելիս երկրի շահերը գերադասել է կուսակցական շահերից: Նրա խոսքով՝ եթե ինքը համաձայնություն չտար օգնության հերթական ծրագրի պայմաններին, Հունաստանը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլիներ դուրս գալ եվրոգոտուց:
Օգոստոսի վերջին Ալեքսիս Ցիպրասը հրաժարական է տվել և հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: