Ակցիա ԵԱՀԿ համաժողովին՝ ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների

Լուսանկարը՝ IPHR կազմակերպության Թվիթերի էջից

Սեպտեմբերի 21-ին Վարշավայում բացված՝ ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով համաժողովի (HDIM-2015) բացմանը տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Ադրբեջանում ազատազրկված իրավապաշտպանների և լրագրողների:

Նիստի մեկնարկին օտարերկրյա մասնակիցների մի խումբ կանգնել է պատվիրակությունների առջև՝ Ադրբեջանում ազատազրկված անձանց դիմանկարները կրող վերնաշապիկներով: Բաքվի պատվիրակության մեծ մասը, ըստ Report on Human Rights and Freedoms նախաձեռնության կայքի, քաղաքացիական սեկտորի կառավարամետ ակտիվիստներն էին:

Ինչպես գրում է ադրբեջանական contact.az-ը, ադրբեջանական թեման առհասարակ նիստի հիմնական թեմաներից էր: Ադրբեջանը, որպես քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների խախտող, ամենաշատն էր հիշատակվում ԵԱՀԿ 57 պետությունների թվում:

Բաքվի պատվիրակությունը իր հասցեին հնչող քննադատությունը որակել է կանխակալ և վկայակոչել Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Տեղի ունեցած բողոքի ակցիայի վերաբերյալ թվիթերում գրառում է արել համաժողովի մասնակից Սոֆյա Օռլոսկին:

ԵԱՀԿ մարդկային չափման հարցերով համաժողովը մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով եվրոպական ամենամեծ համաժողովն է: Այն հարթակ է ԵԱՀԿ մասնակից 57 պետությունների, գործընկերների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար:

***

Այս տարվա մայիսին հրապարակվել է Ադբեջանում քաղբանտարկյալների նոր ցանկը, որն ընդգրկում է 80 անուն, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ և այլն: Միջազգային կառույցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները պարբերաբար ահազանգում են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին: Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանը Ադրբեջանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով այդ երկրի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Խադիջա Իսմայլովային, Լեյլա և Արիֆ Յունուսներին: Բանաձևն ընդունվել է 365 կողմ, 202 դեմ և 72 ձեռնպահ ձայներով:

Մեկնաբանել