ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանին Վրաստանը կներկայացնեն երկու առանձին պատվիրակություններ, մեկը՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, մյուսը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ, հաղորդում է Freedom & Democracy Watch ծառայությունը, որը լուսաբանում է Վրաստանում ժողովրդավարությանն ու ազատություններին առնչվող հարցեր:
«Ճիշտ այնպես, ինչպես դա եղավ անցյալ տարի, մի քանի ամիս շարունակ բանավեճ էր ընթանում հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի երկիրը ՄԱԿ-ում: Անցյալ տարի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նահանջեց և չեղարկեց այցը ԱՄՆ, և ՄԱԿ-ի գագաթաժողովին Վրաստանը ներկայացրեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»,- գրում է Freedom & Democracy Watch-ը՝ հավելելով, որ այս տարի երկու կողմերը համաձայնության էին եկել մեկ՝ նախագահի և վարչապետի մասնակցությամբ պատվիրակություն ուղարկելու շուրջ, սակայն կիրակի հայտնի դարձավ, որ Նյու Յորք կմեկնի երկու պատվիրակություն:
Վրաստանի նախագահի և վարչապետի միջև լարվածության մասին Vesti Kavkaza կայքը գրում է, որ ՄԱԿ-ի այս տարվա նստաշրջանը կրկին կարող է դառնալ նրանց միջև հակամարտության առիթ. երկու ղեկավարներն անընդհատ վիճում են լիազորությունների շուրջ:
Ուշագրավ է, որ եթե նույնիսկ Մարգվելաշվիլին և Ղարիբաշվիլին որոշեն միասին մեկնել ԱՄՆ, ապա դա կանեն առանձին ինքնաթիռներով: Ինչպես Vesti Kavkaza-ին պարզաբանել է Վրաստանի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն, անկախության 25 տարիներին այս հարցը կարգավորող որևէ նորմատիվ ակտ չի ընդունվել:
«Ես չեմ հիշում որևէ դեպք, երբ երկու բարձրագույն ղեկավարները օգտվել են մեկ ինքնաթիռից»,- ասել է Մամրաձեն:
Բանավեճը ստանում է բավական սուր բնույթ, քանի որ խոսքը ոչ թե մեկ ինքնաթիռի մասին է, այլ արտերկրում երկիրը ներկայացնելու իրավունքի:
Հայտնի է դարձել, որ Վրաստանի վարչապետը կժամանի ԱՄՆ սեպտեմբերի 25-ին, նախագահը՝ սեպտեմբերի 27-ին: Վրաստանի նախագահի աշխատակազմից տեղեկացրել են, որ երկու պատվիրակությունն էլ բավական մեծ են լինելու:
Դժվար կացության մեջ է հայտնվելու նաև ՄԱԿ-ին կից Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը: Պաշտոնապես դեսպանները ենթարկվում են նախագահին, սակայն գործնականում հաշվետու են վարչապետին:
Վրաց բազմաթիվ վերլուծաբաններ լրատվամիջոցներում բարձրացնում են հետևյալ հարցը՝ ո՞ւմ է այդ ամբողջ ընթացքում սպասարկելու վրաց դեսպանի միակ լիմուզինը:
Ուշագրավ է փաստը, որ չի հրապարակվել բանակցություններում ապագա կողմերի ցանկը, քանի որ չի համաձայնեցվել «վրացական կողմերի» հետ: Ըստ ամենայնի՝ երկու առաջնորդների գրասենյակները այս հարցում նույնպես պայքարում են առաջնորդության համար:
«Եթե չհաջողվի համաձայնության գալ, ապա բանը կարող է հասնել արդեն տեղում՝ ԱՄՆ-ում, դիվանագիտական սկանդալների, քանի որ միջազգային պրակտիկան ստիպում է Վրաստանի օտարերկրյա դաշնակիցներին ձգտել առաջին հերթին հանդիպել երկրի ընտրված ղեկավարի՝ նախագահի հետ»,- գրում է Vesti Kavkaza-ն:
«Ֆրանսիական մոդելը» Վրաստանի հետ չար կատակ խաղաց
Վրաստանի վարչապետի և նախագահի միջև հակամարտության պատճառը, շատերի կարծիքով, նոր Սահմանադրությունն է, որն ուժի մեջ է մտել 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Վրաստանի մայր օրենքը նախատեսում է իշխանությունների տարանջատման ֆրանսիական մոդելը, երբ պետության ղեկավարը ընտրվում է համաժողովրդական քվեարկության արդյունքում, սակայն կառավարությունը կազմում է խորհրդարանական մեծամասնությունը: Այսպիսով՝ նախագահն ու վարչապետը հաճախ տարբեր քաղաքական ուժեր են ներկայացնում: Վրաստանում տարօրինակորեն այնպես է ստացվել, որ պետության ղեկավարն ու վարչապետը հայտնվել են բարիկադների տարբեր կողմերում, չնայած՝ երկուսն էլ իշխող «Վրացական երազանք» դաշինքն են ներկայացնում:
Սահմանադրության համաձայն՝ երկրում ամբողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետի ձեռքում. միայն նա է որոշումներ ընդունում, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ոլորտում: Պետության ղեկավարը իրավունք չունի առանց վարչապետի համաձայնության միջազգային պայմանագրեր ստորագրել: Միևնույն ժամանակ, նույն սահմանադրությամբ ամրագրված է, որ նախագահը ներկայացնում է Վրաստանը միջազգային ասպարեզում, այսինքն՝ իրավունք ունի ելույթ ունենալ նույն ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից: Սույն դրույթը կառավարությունը յուրովի է մեկնաբանում՝ այդ իրավունքը վերապահելով վարչապետին: