Չինաստանը կարևորում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 23-ին Պեկինում հանդիպել է Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի տեղակալ Լյու Լյանգի հետ:

Ինչպես հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները:

Կառավարության հաղորդագրության համաձայն` Լյու Լյանգը կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի զարգացման գործում: Նա ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների ներգրավվածությունը: Նրա խոսքով՝ վերջին տարիներին չինական կողմի հետ քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:

***

Հայաստան-Իրան երկաթուղու նախագիծը Հայաստանի տարածքում ենթադրում է ավելի քան 300 կմ երկաթգծի կառուցում: Նախագծի իրականացման հավակնորդներից է Դուբայում գրանցված և Սինգապուրում ու Վիրջինյան կղզիներում ներկայացուցչություններ ունեցող «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը:

Անցյալ տարվա փետրվարին ընկերության ներկայացուցիչները Երևանում հայտարարել էին, որ Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերության (CCCC International) կողմից պատրաստված տեխնիկատնտեսական հիմնավորման համաձայն՝ Գագարին-Ագարակ 304,7 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղու կառուցման ներդրումները գնահատվել են 3,2 մլրդ դոլար։ Երկաթգիծը բաղկացած է լինելու 19,6 կմ ընդհանուր երկարությամբ 84 կամրջից և 102,4 կմ ընդհանուր երկարության ունեցող 60 թունելից։ Երկաթգծի 1 կմ-ի կառուցման միջին արժեքը կազմում է 10,5 մլն դոլար, ինչը, ըստ Բորկովսկիի, պայմանավորված է ինժեներական կառույցների բազմաքանակությամբ։ Երկաթգիծը պետք է անցնի նաև 2 թունելով, որոնց յուրաքանչյուրի երկարությունը 13 կմ է։

Մեկնաբանել