Ղազախստանը մտադիր է էմբարգո սահմանել Ռուսաստանից ներկրվող ապրանքների վրա. նման գաղափարով հանդես են գալիս տեղացի միլիարդատերերը, հաղորդում է KazTAG ղազախական գործակալությունը՝ վկայակոչելով Աստանայի իր աղբյուրները:
Առևտրային արգելքի տակ կարող են հայտնվել ՌԴ-ից Ղազախստան ներկրվող ավտոմեքենաները, մարտկոցները, թռչնամիսը, հավկիթները, ալյուրը, մակարոնեղենը, հյութերն ու ըմպելիքները, կարագը և այլ ապրանքներ:
Ղազախստանը, որը հերքում է Եվրասիական տնտեսական միությունում առևտրային պատերազմը, սեպտեմբերի 11-ին դադարեցրել է Ռուսաստանից և Ղրղզստանից որոշ սննդամթերքների ներկրումը: Ղազախստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է լաբորատոր հետազոտությունների արդյունքում, որոնք բացահայտել են սանիտարաէպիդեմիոլոգիական կանոնների բազմաթիվ խախտումներ:
Ղազախստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ մտնում է Եվրասիական տնտեսական միության մեջ, որին միացել են նաև Հայաստանն ու Ղրղզստանը, սակայն միասնության մասին դաշնակիցների հռետորաբանությունում սկսել է ավելի հաճախ հնչել անհանգստություն տնտեսական տարաձայնությունների կապակցությամբ: Մասնավորապես, Աստանան այս տարեսկզբին դժգոհություն է հայտնել ռուբլիի անկման ֆոնին փոխադարձ առևտրի կապակցությամբ. ռուսական արժույթի արժեզրկումը հարված է հասցրել ղազախական ձեռնարկությունների շահերին, որոնց արտադրանքը դարձել է պակաս մրցունակ ռուսականի համեմատ:
Փորձելով աջակցել դանդաղող տնտեսությանը, որի հիմքը կազմում է նավթի և մետաղների արտահանումը, Ղազախստանը օգոստոսի 20-ին արժեզրկել է ազգային արժույթ տենգեն՝ առևտրային առանցքային դաշնակից Ռուսաստանի արժույթի թուլացումից անմիջապես հետո:
Ինչպես գրում է «Օբոզրեվատել» թերթը, Նազարբաևը օգնություն է խնդրել բոլորից, բացի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:
***
Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ Եվրասիական տնտեսական միությունը սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հունվարի 2-ից միությանը պաշտոնապես միացավ Հայաստանը:
Ղրղզստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել էր 2014թ. դեկտեմբերին` Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Մայիսի 8-ին ԵՏՄ երկրների ղեկավարները Մոսկվայում ստորագրել էին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու փաստաթղթերը: Մայիսի 21-ին Ղրղզստանն ավարտեց միությանը միանալու ներքին ընթացակարգը: Կենտրոնասիական այս երկրի փաստացի անդամակցության գործընթացը կավարտվի ԵՏՄ բոլոր անդամների կողմից ներքին վավերացման ընթացակարգերի ավարտից հետո: