Ֆրանսիայի Ռոն Ալպի շրջանի ռեգիոնալ կենտրոնակայանում սեպտեմբերի 23-ին պաշտոնապես բացվել է «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիան:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ասոցիացիայի նախագահ Արամազդ Աբեդին բացման արարողության ժամանակ նշել է, որ կառույցում ներգրավված են լինելու տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ձեռներեցները:
Փոխնախագահ Հիլդա Չոբոյանի խոսքով` իրենք նպատակ են հետապնդելու խթանել հայ-ֆրանսիական ձեռնարկությունների միջև դինամիկ շփումները: Արժևորելով Ֆրանսիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի միջև փոխգործակցությունը, ասոցիացիան նպատակ է հետապնդելու Հայաստանը դարձնել հարթակ ՀՀ ձեռնարկությունների, ֆրանսիական ձեռնարկությունների և հարևան երկրների խոստումնալից շուկաների հետ համագործակցության համար:
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը նշել է, որ ասոցիացիան հնարավորություն կտա Հայաստանի և Ֆրանսիայի միջև խթանել գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունը՝ ելնելով նաև այսօրվա նոր իրականությունից. ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը հնարավորություն կտա ֆրանսիացի ընկերություններին ՀՀ-ի միջոցով մուտք ունենալ նաև ԵՏՄ շուկաներ: Հայաստանը պատրաստ է աջակցել ասոցիացիային՝ գործարարների համար ստեղծելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ համագործակցության բարենպաստ պայմաններ: