Մինսկի խումբը «լուրջ մտահոգություն» է հայտնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ համատեղ հանդես են եկել հայտարարությամբ` «լուրջ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական շրջաններում և դրանց շուրջ ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործման առնչությամբ»:

«Նման զենքերի օգտագործումը վկայում է հակամարտության անընդունելի սրման մասին: Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին: Մենք կողմերին խստիվ կոչ ենք անում խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից: Կողմերը Ժնևի կոնվենցիայով պարտավորություն են ստանձնել պաշտպանել խաղաղ բնակչության անվտանգությունը:

Մենք ափսոսանք ենք հայտնում, որ այս միջադեպերը տեղի ունեցան Նյու Յորքում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների համաձայնեցված հանդիպման նախաշեմին: Մենք նախարարներից լուրջ քննարկում ենք ակնկալում բռնության սրման և բանակցային կարգավորման շուրջ: Քանի դեռ մենք ի վիճակի չենք հստակ սահմանել, թե բռնությունն ինչպես է ծագել, քանի որ կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին, կողմերը պետք է աշխատեն ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմի ուղղությամբ, ինչպես որ քննարկվել է նախագահների միջև:

Մենք կշարունակենք աշխատել կողմերի հետ բարձր մակարդակում` թուլացնելու լարվածությունը և հասնելու հակամարտության վերջնական և խաղաղ կարգավորման»,- ասված է հայտարարության մեջ:

***

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով Տավուշի մարզի Պառավաքար գյուղում զոհվել է մեկ բնակիչ, իսկ Բերդավանում՝ երկուսը: Երկու հոգի էլ վիրավորվել են: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ երկու վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ զգուշացնելով, որ դիմելու է համարժեք գործողությունների:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Նյու Յորքում կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սեպտեմբերի 25-ին ակնկալվում է ԵԱՀԿ համանախագահների միջնորդությամբ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

Մեկնաբանել