ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 26-ին հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որով կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել ԵԱՀԿ-ի՝ հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ։
«Առանց նման մեխանիզմի կողմերը կշարունակեն մեղադրել միմյանց` շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին մահացու հարվածներ հասցնելու համար: Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմի մանրամասները, և մենք կոչ ենք արել Ադրբեջանին նույնն անել»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Միջնորդները նաև խստորեն դատապարտել են հրետանու կիրառումը, որը հանգեցրել է վերջին քսան չորս ժամում նոր զոհերի, և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:
«Բռնության սրումը չի բխում ոչ ադրբեջանցիների, ոչ հայերի և ոչ էլ խաղաղ կարգավորման շահերից»,- հայտարարել են ԵԱՀԿ ՄԽ միջնորդներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյոն (Ֆրանսիա)։
Համանախագահները միաժամանակ կոչ են արել կողմերին երկու ժողովուրդների միջև ծրագրեր իրականացնել, որոնք միտված կլինեն հակամարտության մեջ հայտնված երկու հասարակությունների միջև վստահության կառուցմանը:
Հաղորդվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են շարունակել նախապատրաստական աշխատանքները միջնորդների հետ՝ երկու երկրների նախագահների հանդիպումը կազմակերպելու համար։ Ակնկալվում է, որ նման հանդիպում կկայանա մինչև տարեվերջ։
***
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելքում ադրբեջանական կողմի ականակոծության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել:
Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի ականակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ՝ երկուսը Բերդավան, մեկը՝ Պառավաքար գյուղում:
Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերի 25-ին հանդես են եկել հայտարարությամբ` «լուրջ մտահոգություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական շրջաններում և դրանց շուրջ ականանետերի և ծանր զինատեսակների օգտագործման առնչությամբ»:
Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ԵԱՀԿ միջնորդների աջակցությամբ և նրանց ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ կիրառել է 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ: Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ԼՂՀ ՊՆ-ն նշել էր, որ ստեղծված իրավիճակից բխող ցանկացած հետևանքի պատասխանատվություն կրելու է ոչ այլ ոք, քան ադրբեջանական կողմը:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ: