Սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։
Ինչպես հաղորդում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:
Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։
Քննության շրջանակներում կատարված զննությունների արդյունքում հայտնաբերվել են զինամթերքի, ականների բեկորներ, որոնց նկատմամբ նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
***
Սեպտեմբերի 24-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի ականակոծության հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ՝ երկուսը Բերդավան, մեկը՝ Պառավաքար գյուղում:
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի հյուսիս-արևելքում ադրբեջանական կողմի ականակոծության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել:
Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կրակի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ կիրառել է 122 մմ Դ-30 /30 արկ/ հաուբից հրանոթ:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ:
ԼՂՀ ՊՆ-ն սեպտեմբերի 28-ին հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրերը, թե իբր իրենց զինուժի թիրախային կրակային հարվածների հետևանքով յոթ հայ զինծառայող է սպանվել: