Նյու Յորքում հանդիպել են Օբաման և Պուտինը

Երկարատև ընդմիջումից հետո սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Հանդիպումը, ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, կարող է կողմերի միջև լարվածության թուլացման ճանապարհի սկիզբը դառնալ: Պետքարտուղար Ջոն Քերրին ավելի վաղ հայտարարել էր, որ կողմերը կփորձեն պայմանավորվածության գալ գլոբալ մարտահրավերներին հակազդելու վերաբերյալ.

«Սա սկիզբն է մեր ջանքերի, որոնք ուղղված են հակամարտության իջեցման ճանապարհներ հայթայթելուն»:

Միևնույն ժամանակ, վերլուծաբանների սպասումները հանդիպումից մեծ չեն: Քարնեգիի հաստատության փորձագետ Փերրի Քեմմեքի կարծիքով, Ռուսաստանը փորձել է հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնել Սիրիայում իր ներկայությունը.

«Ես արմատական բեկում չեմ սպասում, սակայն հույս ունեմ, որ սա գործընթացի սկիզբը կարող է լինել»:

Հատկանշական է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին իր ելույթում նախագահ Օբաման արդեն իսկ անուղղակիորեն պատասխանել է Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահին աջակցելու պահանջին, նշելով, որ չի կարելի հաշտվել անօրինության հետ՝ ավելի վատ ապօրինության վտանգի պատրվակով.

«Այդ տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք Բաշար ալ Ասադի նման բռնապետների, որոնք բարելային ռումբերով ռմբակոծում են անմեղ երեխաներին, քանի որ այլընտրանքն ավելի վատն է»:

Հակազդելով Օբամային՝ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել է, որ խաղի կանոնները Մոսկվայի կարծիքով փոխվում են առանց Ռուսաստանին դրա մասին տեղյակ պահելու.

«Աշխարհում ստեղծվող իրավիճակին արդեն անհնար է դիմանալ»:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության դեմ պայքարի հետագա ընթացքին՝ Հանրային դիվանագիտության և Հանրային կապերի գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Սթենգելն ընդգծել է, որ այն ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում կրթական և լրատվական.

«Իսլամական պետություն» խմբավորումը որսում է երիտասարդների … առաջին հերթին՝ անհատական կապ հաստատելով: Ոչ ոք ծայրահեղական չի դառնում Յութուբի տեսահոլովակ դիտելիս»:

Մեկնաբանել