Դադարող զինադադար. Սիվիլիթաս հիմնադրամի իրավիճակային ամփոփագիրը

Տավուշի մարզի Բերդավան գյուղում ընկած ականը, որը խլել է 94-ամյա կնոջ կյանքը:

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում զինադադարի խախտումների, դրանց պատճառների և հնարավոր լուծումների վերաբերյալ: Ամփոփագիրը, որը կրում է «Դադարող զինադադար» խորագիրը, ներկայացված է ստորև:

Դեպքը

Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նախորդ շաբաթը աննախադեպ էր նոր՝ ավելի ծանր զինատեսակների կիրառման և զինադադարի խախտումների արդյունքում մարդկային զոհերի առումով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Ադրբեջանական կրակահերթերի արդյունքում Տավուշի երկու գյուղերում սպանվեց երեք քաղաքացիական անձ, բոլորն էլ կին, իսկ Լեռնային Ղարաբաղի հյուսիսում՝ շփման գծից շուրջ 5 կմ հեռավորության վրա, հակառակորդի ականակոծության հետևանքով սպանվեց չորս և վիրավորվեց 16 զինծառայող՝ ճաշի ընթացքում: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հակահարվածը չուշացավ: Սկզբնական շրջանում ադրբեջանական կողմը չէր հաղորդում կորուստների մասին, սակայն հաջորդ օրերին հայտարարեց առնվազն չորս սպանվածի մասին: Հայկական կողմը պնդում է, որ պատժիչ գործողության հետևանքով սպանվել են մեկ տասնյակ ադրբեջանցիներ:

Խորապատկերը

1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի համար տվել են ավելի քան 1000, իսկ Ադրբեջանը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, ավելի քան 2 000 զոհ՝ հիմնականում 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներ: Նախորդ 20 տարիներին արձանագրվել են բազմաթիվ սահմանային միջադեպեր, սակայն մինչև 2014-ի ամառը, ընդհանուր առմամբ, իրավիճակը համեմատաբար կայուն էր, կառավարելի ու կանխատեսելի: Անցնող տարվա ամռանը Ադրբեջանը «դիպուկահարների պատերազմը» փոխարինեց խափանարարների՝ «դիվերսանտների պատերազմով»: Բացի այդ, վերջին մեկ տարվա ընթացքում կիրառվում են զինատեսակներ, որոնք օգտագործվել են միայն պատերազմի թեժ շրջանում՝ 1992-1994 թթ.: Ավելին, այդ զենքերը ուղղվում են դեպի քաղաքացիական օբյեկտներն ու բնակիչները:

Վերլուծություն

Զինադադարը խախտելում առաջին հերթին և մեծապես շահագրգռված է Ադրբեջանը, քանի որ ներկա ստատուս-քվոն տանելի և առավել ընդունելի է հայկական կողմի համար: Քանի որ բանակցություններում խոր փակուղի է, Բաքուն փորձում է զենքի կիրառումով միջազգային ուշադրությունը հրավիրել ղարաբաղյան հակամարտության վրա: Սա պատճառներից մեկն է, որ ստիպում է Ադրբեջանին անդադար խախտել զինադադարը, իրականացնել խափանարարական գործողություններ և սպանել քաղաքացիական բնակչությանը:

Քանի որ վերջին տարիներին Ադրբեջանը զինվում է ժամանակակից սպառազինությամբ, ադրբեջանական ընկալման մեջ առաջացել է այն վստահությունը, որ ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ իրեն: Լարվածություն ստեղծելով հակամարտ զորքերի շփման գոտում՝ Ադրբեջանը հավանաբար փորձում է համոզվել, որ այդ ընկալումը հիմնազուրկ չէ:

Այսօր բանակցությունների սեղանին չկա մի փաստաթուղթ, որի շուրջ կբանակցեին կողմերը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում՝ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի, արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև պակասում է փոխադարձ նվազագույն հարգանքն ու վստահությունը:

Լարվածության պատճառներից կարող է լինել նաև այն, որ Բաքուն այլևս չի հավատում բանակցային ճանապարհով հարցի հանգուցալուծման հնարավորությանը: Որքան քիչ է դիվանագիտությունը, այնքան մեծ է լայնածավալ պատերազմի հավանականությունը:

Զինադադարի հաճախակի խախտումներով Բաքուն փորձում է հայկական կողմին ստիպել գնալու զիջումների բանակցությունների սեղանի շուրջ: Ահա սա կարելի է համարել այսօրվա թեժացման պատճառներից: Սակայն որքան Ադրբեջանը ագրեսիվ պահվածք է դրսևորում սահմաններում, որքան ավելացնում է հակահայկական քարոզչությունը, այնքան հայկական կողմը ավելի անզիջում է դառնում:

Անշուշտ, սահմանային ներկա լարվածությունը կարող է ունենալ նաև ներքին և տնտեսական պատճառներ: Նավթի գների շեշտակի անկումը և որպես հետևանք՝ Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամի միջոցների վաղաժամկետ մաշեցումը, սոցիալական բազմաթիվ ծրագրերի ձախողումը և բողոքի հնարավոր ալիքը կարելի է կանխել «թշնամի Հայաստանի դեմ պատերազմի մեջ ենք» «արդարացումով»:

Հեռանկար

Քանի դեռ հակամարտության մեջ ներգրավված կողմերը չեն ստորագրել մի փաստաթուղթ, որը վերջ կդներ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին և կբավարարեր կողմերի նվազագույն ակնկալիքներն ու պահանջները, նոր պատերազմը միշտ էլ հավանական է:

Հայկական կողմը նոր պատերազմ չի հրահրի, քանի որ նախորդ պատերազմում ստացել է հնարավոր առավելագույնը: Հայկական կողմը, և դա եղել է Երևանի դիրքորոշումը զինադադարից ի վեր, փորձելու է դիվանագիտական սեղանի շուրջ ամրագրել, գոնե՝ մասամբ, այն, ինչ ունի ռազմի դաշտում:

Ադրբեջանն է շահագրգռված նոր պատերազմով, քանի որ նա է պարտված և ռևանշի ձգտող կողմը: Նախորդ երկու տասնամյակներում Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսել բազմաթիվ պատճառներով, որոնց շարքում կարևոր է եղել բանակցությունների առկայության իրողությունը: Որքան Ադրբեջանը համոզվի, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր չէ հասնել կարգավորման, այնքան մեծանալու է նոր պատերազմի վտանգն ու հավանականությունը:

Լուծումներ

Առաջին, հայկական դիվանագիտությունը պետք է սեղանին վերադարձնի բանակցային փաստաթուղթը, որտեղ հստակ խոսվում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և հանրաքվեի մասին: Երբ չկա փաստաթուղթ, մոռացվում է նաև Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Երկրորդ, հայկական բանակը պետք է յուրաքանչյուր հարվածի համարժեք պատասխան տա, որպեսզի Ադրբեջանում ջարդվի այն ընկալումը, թե ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ իրեն:

Երրորդ, այս օրերին աշխարհի առաջնորդները մեկտեղվել են Նյու Յորքում և օգտագործում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնը: Երևանը պետք է առավելագույնս արդյունավետ օգտագործել ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը և հնչեցնել միջազգային հանրության համար ընկալելի, հայկական շահերից բխող առաջարկներ, որոնց հիմքում առաջին հերթին կլինի հայ զինվորների և բնակչության անվտանգությունը: Ավելին, հայկական դիվանագիտությունը պետք է օգտագործի կուլիսները: Այս օրերին Նյու Յորքում են հավաքվել աշխարհի առաջնորդները: Պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի ղարաբաղյան բանակցությունները վերադառնան բնականոն հուն: Դա կարևոր է ոչ միայն և ոչ այնքան նրա համար, որ կարգավորման հույսեր կբերի, այլև որովհետև հույս ներշնչող բանակցություններն են, որոնք լռեցնում են դիպուկահարներին, խափանարարներին ու ականանետը գործի դնող զինվորականներին, հետևաբար՝ կանխում նորանոր մարդկային կյանքեր Հայաստան-Ադրբեջան սահմանի Տավուշի հատվածում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում:

Վերջապես, ճիշտ է Հայաստանի պաշտպանության նախարարության այն հայտարարությունը, որ ժամանակն է Ադրբեջանին նոր պայմաններով զինադադար պարտադրել: Դա կամրացնի հայկական դիվանագիտության բանակցային դիրքը:

Մեկնաբանել