Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել «Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին» դաշնային օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Տվյալ փաստաթուղթը հրապարակվել է Պետդումայի կայքում հոկտեմբերի 14-ին:
Համաձայն փաստաթղթի` դաշնային օրենքը լրացվելու է 3.1 հոդվածով` «Ծայրահեղական գործունեության հակազդեցության մասին Ռուսաստանի Դաշնության օրենսդրության կիրառման առանձնահատկությունները կրոնական տեքստերի նկատմամբ»:
«Աստվածաշունչը, Ղուրանը, Թանախը [գրավոր Թորան] և Գանջուրը [Տիբեթի բուդդիստական կանոնի առաջին մասը], դրանց բովանդակությունն ու դրանցից արված մեջբերումները չեն կարող ճանաչվել ծայրահեղական նյութեր»,- ասված է փաստաթղթում:
Բացատրական գրության մեջ նաև ասվում է, որ նման օրինագծի հայեցակարգը կապահովի հավասար հարգանք համաշխարհային ավանդական կրոնների նկատմամբ և համաձայնեցված է համապատասխան կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: