Խորհրդարանական մեծամասնությանը զսպելու հակակշիռներ են պետք

Սահմանադրական փոփոխությունների ջատագովներն ընդգծում են խորհրդարանական կայուն մեծամասնության դրույթի կարևորությունը Հայաստանի համար: «Կայուն մեծամասնության» գաղափարն առաջ է քաշվել Իտալիայում և հայտնի է որպես Իտալիկում: Այն գործնականում դեռ չի կիրառվել, և Իտալիայում սկսելու է գործել 2016-ի հուլիսից:

ՍիվիլՆեթը «Ապելլա ինստիտուտի» միջոցով կապ է հաստատել Հումանիտար գիտությունների իտալական ինստիտուտի դոկտոր, սահմանադրությունների և ընտրական գործընթացների մասնագետ Մարթա Ռեգալիայի հետ: Ռեգալիան մատնանշում է Իտալիկումի հնարավոր դրական և բացասական կողմերը և խոսում այն բանավեճի մասին, որ կա Իտալիայում՝ Իտալիկումի շուրջ:

Որո՞նք են են Իտալիայի նոր ընտրական համակարգի ուժեղ և թույլ կողմերը: Ինչպե՞ս այն ընդունվեց Իտալիայում:

– 2013-ի դեկտեմբերին Իտալիայի Սահմանադրական դատարանը գործող ընտրական օրենքը հակասահմանադրական ճանաչեց երկու պատճառաբանությամբ. առաջին՝ օրենքը չէր սահմանում մեծամասնական պարգև (բոնուս) ստանալու նվազագույն արգելապատնեշը, և երկրորդ՝ օրենքը նախատեսում էր թեկնածուների երկար ու փակ ցուցակներ: Այս որոշումից անմիջապես հետո ընտրական բարեփոխում անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ: Նման նախաձեռնությամբ հանդես եկավ վարչապետ Մատեո Ռենցին՝ համաձայնության գալով Սիլվիո Բերլուսկոնիի հետ՝ չնայած վերջինիս կուսակցությունը չմասնակցեց այսպես կոչված Իտալիկումի վերջնական տարբերակի քվեարկությանը:

Նոր ընտրական օրենքն ամրագրում է կիսաբաց ընտրացուցակներով համակարգ: Ազգային մակարդակում 3 տոկոսանոց արգելապատնեշը հաղթահարող կուսակցությունների պատգամավորական տեղերը բաշխվում են համամասնական բանաձևով և ամենամեծ մնացորդների եղանակով: Այնուհետև մյուս տեղերը բաշխվում են ըստ 100 ընտրատարածքների: Ձայների բաշխումն այսուամենայնիվ լրիվ համամասնական չէ, քանի որ ձայների առնվազն 40 տոկոսը ստացած կուսակցությանը տրվում է մեծամասնական բոնուս: Եթե ոչ մի կուսակցություն այս շեմը չի հաղթահարում, ապա առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցության համար անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ: Հաղթող կուսակցությունը ստանում է 340 տեղ՝ 630-ից: Մնացած տեղերը համամասնորեն բաշխվում են այլ կուսակցությունների միջև: Թեկնածուների ընտրացուցակները կիսաբաց են, այսինքն՝ յուրաքանչյուր ցուցակում առաջին թեկնածուն ֆիքսված է (առաջինը կընտրվի, եթե իր կուսակցությունը հաղթի տվյալ ընտրատարածքում), իսկ մյուս թեկնածուներն ընտրվում են նախապատվության սկզբունքի համաձայն: Օրենքն ուժի մեջ կմտնի 2016 թ. հուլիսից:

Իտալիկումն ընդունումից ի վեր բուռն բանավեճերի առարկա է դարձել: Քննադատությունները շատ են, թվարկեմ ամենածանրակշիռները.

  1. Իտալիայի սահմանադրական համակարգը ավելի շատ «կոնսենսուսային» է: Կան բազմաթիվ մեխանիզմներ ու հակակշիռներ, որոնք ցանկացած քաղաքական փոքրամասնության արգելում են վերահսկել պետական իշխանության հիմնական օղակները: Այս օրենքը պատգամավորական տեղերի մեծամասնությունը հանձնում է մի կուսակցության, որը կարող է ունենալ փոքր ընտրազանգված: Այդպիսով տվյալ կուսակցությունը միայնակ կկարողանա ընտել Հանրապետության նախագահին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի երեք դատավորների: Քանի որ իր հերթին Սահմանադրական դատարանի երեք դատավորների առաջադրում է նաև Հանրապետության նախագահը, տեսականորեն հնարավոր է, որ այս կուսակցությունը վերահսկի Սահմանադրական դատարանի անդամների երկու երրորդին:
  2. Մեծամասնական բոնուսները կարող են աղավաղել ընտրությունների ներկայացուցչականությունը՝ առանց կայունություն ապահովելու: Մասնատված կուսակցական համակարգ ունեցող մի երկրում, ինչպիսին Իտալիան է, հավանական է, որ տարբեր կուսակցություններ կմասնակցնեն ընտրությունների մեկ դաշինքով, սակայն անմիջապես կցրվեն խորհրդարան մտնելուն պես: Միևնույն ժամանակ, Իտալիկումը ոչ թե արմատապես վերափոխում է կուսակցական համակարգը, այլ վերահաստատում քաղաքական ուժերի ներկայիս դասավորությունը:

Իտալիկումի կողմնակիցները, մյուս կողմից, կարծում են, որ.

  1. Նոր համակարգը թույլ կտա ընտրել նրանց, ովքեր ոչ միայն սոսկ կներկայացնեն ընտրողներին, այլև կկառավարեն, և այդ հարցում մեծ դեր կունենա ընտրությունների երկրորդ փուլը:
  2. Փոքր կուսակցությունները կունենան ավելի ամուր դաշինքներ և չեն խոչընդոտի խորհրդարանի աշխատանքը:
  3. Նոր օրենքը կխթանի երկկուսակցական համակարգի ձևավորումը:

– Ինչպե՞ս կգնահատեիք Իտալիկումը ժողովրդավարութան տեսանկյունից: Արդյո՞ք օրենքի երկու կարևոր բաղադրիչները՝ բոնուսների կիրառումն ու ընտրությունների երկրորդ փուլը, կարող են որևէ վտանգ ներկայացնել ժողովրդավարական ինստիտուտների համար: Արդյո՞ք Իտալիկումը կարող է արդյունավետ ներդրվել ժողովրդավարական ավելի թույլ ավանդույթներ ունեցող երկրում:

Իտալիայում մեծամասնական բոնուսը վաղուց է կիրառվել: 1953-ին, ֆաշիստական վարչակարգի տապալումից մի քանի տարի անց, քրիստոնեա-դեմոկրատներն ընդունեցին մի օրենք, որով ներդրեցին բոնուսային համակարգը (ընտրողների բացարձակ մեծամասնության քվեն ստացած կուսակցությունը ստանում էր պատգամավորական տեղերի 65 տոկոսը): «Խաբեության օրենք» անվանված այս փաստաթուղթը խիստ քննադատությունների և բուռն բանավեճերի տեղիք տվեց: Թեև կիսահամամասնական այս համակարգը մշակելիս խորհրդարանը նպատակ ուներ կանխել բռնապետության վերարմատավորումը, ոչ մի կուսակցություն չհաղթահարեց սահմանված արգելապատնեշը, իսկ օրենքն անմիջապես ուժը կորցրած ճանաչվեց:

Ավելի քան հիսուն տարի անց՝ 2005-ին, Իտալիայում մեծամասնական բոնուսով մեկ այլ ընտրական օրենք ընդունվեց, սակայն առանց արգելապատնեշների ու երկրորդ փուլի: Այս օրենքը նույնպես քննադատվեց վերջինիս անհամաչափության պատճառով: Այսուամենայնիվ, օրենքի հակաժողովրդավարական լինել-չլինելու հարցը Իտալիայում երբևէ լուրջ ուշադրության չի արժանացել (նունիսկ եթե մի քանի տեսաբաններ ու կուսակցություններ նման խնդիր են տեսել):

Իմ կարծիքով խնդիրն այստեղ այն է, որ մեծամասնական բոնուս կիրառելիս հաշվի առնվեն տվյալ քաղաքական համակարգի առանձնահատկությունները: Ինչպես արդեն նշեցի, Հանրապետության նախագահի ընտրության հարցը բոլորովին էլ երկրորդական չէ: Ակնհայտ է, որ այս հարցում ռեժիմի տեսակն իր դերն ունի, սակայն ամենակարևորն այն է, որ ընտրված (արհեստականորեն) խորհրդարանական մեծամասնության իշխանությունը զսպելու համար տվյալ քաղաքական համակարգը նախատեսի գործուն հակակշիռներ:

ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը առաջարկեց ապագա ընտրական համակարգի հիմնական գծերը, որոնք ակնհայտ նմանություն ունեն Իտալիկումին: Եթե Իտալիկումը ներդրվի Հայաստանում, այստեղ գործելու ի՞նչ հեռանկարներ ունի: Երկրի հիմնական գծերը համառոտ՝ թերզարգացած կուսակցական համակարգ, ընտություններում հաղթելու հնարավորություն ունեցող ոչ մի ընդդիմադիր ուժ, պարբերաբար վիճարկվող ընտրություներ, ուժերի գերհամախմբում հանրապետության նախագահի, ինչպես նաև վերջին տարիներին նախագահի անմիջական ղեկավարության տակ գտնվող իշխող կուսակցության ձեռքում, հորիզոնական հաշվետվողականության թույլ կամ առհասարակ բացակա մեխանիզմներ, և իշխանությունների տարանջատման փաստացի բացակայություն:

– Անցումային կամ հիբրիդ ռեժիմներում մեծամասնական բոնուս կիրառելու վտանգն այն է, որ պատգամավորական տեղերի մեծամասնությունը նախատեսվում է ամենաշատ քվեներ ստացած կուսակցության համար: Նույնիսկ եթե ընտրությունների երկրորդ փուլը կարող է ապահովել լեգիտիմության «բոնուսը», սկզբունքորեն ոչինչ չի փոխվում: Ավելին, որպես կանոն ընտրությունների երկրորդ փուլին ավելի փոքր մասնակցություն է գրանցվում, և սա խորացնում է ընդգծածս լեգիտիմության խնդիրը:

Եթե մտածենք հիբրիդային, ոչ ժողովրդավարական ռեժիմի պարագայում բոնուսային մոդելի հնարավոր կիրառության մասին, ապա արդյունքը կհամեմատեի «հաղթողը վերցնում է ամեն ինչ» համակարգի հետ: Բազմաթիվ քաղաքագետներ նշում են, որ նման ռեժիմներում նախընտրելի է ներդնել այնպիսի ընտրական (այդ թվում՝ կառավարման) համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել իշխանության տարանջատումը: Իհարկե, սա չի նշանակում, որ կառավարության կայունությունն ու արդյունավետությունը պետք չէ հաշվի առնել նոր ընտրական մոդել սահմանելիս: Սակայն կայունության հասնելու այլ մեխանիզմներ կան, որոնք շրջանցում են կուսակցական համակարգը մասնատելու լուրջ վտանգը: Այս առումով, գերմանական մոդելն ավելի նախընտրելի է, քան իտալականը: Ավելի բարձր արգելապատնեշները և փոքր ընտրատարածքները նույն արդյունքը կարող են ապահովել:

Հայաստանի պարագայում Իտալիկումի նման համակարգի ներդնումը կուժեղացնի հաղթող կուսակցությանը՝ առանց զարգացնելու ուժեղ ընդդիմություն: Իհարկե, ավելի բարձր արգելապատնեշը կարող է ուժեղացնել մեկ ընդդիմադիր կուսակցության՝ առանց մասնատելու ընդդիմությունը բազմաթիվ մանր կուսակցությունների: Մյուս կողմից, Իտալիկումը կոալիցիաների հնարավորություն չի տալիս: Եթե Հայաստանի ապագա ընտրական օրենքը թույլ տա նման բան, ընդդիմադիր կուսակցությունները կարող են ուժեղանալ՝ երկրորդ փուլում միավորելով իրենց ուժերը:

Միշտ էլ դժվար է ամբողջական կարծիք հայտնել ցանկացած ընտրական համակարգի մասին՝ առանց իմանալու այն սահմանադրական մոդելը, որի մասն է կազմելու այդ համակարգը: Սակայն անխոս, հորիզոնական հաշվետվողականության և իշխանությունների տարանջատման բացակայության պայմաններում ոչ մի ընտրական համակարգ էլ չի աշխատի:

Read the interview in English here.