Երևանում մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը

12172_am_5Կառավարության ընդունելությունների տանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի մասնակցությամբ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է հայ-իրանական գործարար համաժողովը:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդես գալով ողջույնի խոսքով` Իրանի առաջին փոխնախագահը նշել է, որ Հայաստանն Իրանի համար այն միակ երկիրն է, որը կարող է հարթակ դառնալ իրանական արտադրանքը Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանելու համար: «Բացի այդ` Հայաստանը կարևոր դերակատարում ունի տարանցիկ գոտի լինելու առումով: Ունենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը, պետք է լուծենք նաև երկաթգծի կառուցման հարցը, որը տարածաշրջանային նշանակություն կարող է ունենալ»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին` նշելով, որ Իրանը պատրաստակամ է իրականացնելու այդ ծրագրերը: Ներդրումային ծրագրերի իրականացման առումով նա նաև կարևորել է ազատ տնտեսական գոտիների առկայությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ Հայաստանը վարում է բազմավեկտոր արտաքին տնտեսական քաղաքականություն և ունի առևտրի արտոնյալ ռեժիմներ բազմաթիվ երկրների հետ: «Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանում արտադրված ապրանքները զրոյական մաքսատուրքերով առանց մաքսային ձևակերպումների և այլ վարչարարական խոչընդոտների կարող են ազատ մուտք գործել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մոտ 170- միլիոնանոց սպառողական շուկա: Ունենք ազատ առևտրի համաձայնագրեր շուրջ 250 մլն ընդհանուր բնակչությամբ ԱՊՀ անդամ երկրների մեծամասնության հետ: Միաժամանակ, Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP) արտոնյալ ռեժիմից, ինչը նշանակում է Հայաստանում արտադրված ապրանքների համար զեղչված կամ զրոյական մաքսատուրքերով մուտք վերոնշյալ երկրների շուկա: Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվում է նույնիսկ ավելի արտոնյալ՝ GSP+ կոչվող առևտրային ռեժիմը, ինչն ապահովում է շուրջ 6400 տեսակի հայկական ապրանքների մուտքը Եվրամիության անդամ 28 երկիր՝ ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափերով: Հայաստանում գործունեություն ծավալելով` վերոնշյալ արտոնյալ ռեժիմներից կարող են օգտվել նաև իրանցի մեր գործընկերները»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Նա ևս նշել է, որ համագործակցության հարթակ կարող են դառնալ նաև Հայաստանում ստեղծված ազատ տնտեսական գոտիները:

ՀՀ վարչապետը կարևորել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագիծը, անդրադարձել է Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման 3-րդ գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերին: «Վստահ եմ՝ այս ծրագրերը նոր որակ կհաղորդեն տարածաշրջանային էներգահամակարգերին մեր ինտեգրման գործընթացին»,- ասել է նա:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ մոտ մեկ ամսից հայ-իրանական գործարար համաժողով է նախատեսվում նաև Թեհրանում:

Հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցում է 300-ից ավելի գործարար Հայաստանից և Իրանից (շուրջ 80 գործարար):

Մեկնաբանել