ՄԻԵԴ-ը հրապարակեց Փերինչեքի գործով վճիռը՝ «խախտվել է արտահայտման ազատությունը»

s-bcaa124a839ac8e3f044ff7b5cddaf9a6b7369dfՄարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով իր վճիռը՝ նշելով, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը՝ խոսքի արտահայտման ազատությունը:

«Դատարանը եզրակացրեց, որ ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ չի եղել պարոն Փերինչեքին քրեական պատասխանատվության ենթարկել հայ համայնքի իրավունքները կոնկրետ դեպքում պաշտպանելու համար»,- նշված է դատավճռում:

***

Թուրք ազգայնական գործիչ, Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ: Շվեյցարիայում 2005թ. կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ նա Հայոց ցեղասպանությունը որակել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այս հայտարարության համար 2008թ. նրան դատապարտել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաև 12 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի:

2013թ. դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ի վճռում ասված է, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ 2014թ․ հունիսի 3-ին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

«Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործում որպես երրորդ կողմ ներգրավվել են Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունները: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2014թ. սեպտեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի մասնակցության հնարավորությունը: ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն է:

2015թ. հունվարի 28-ին ՄԻԵԴ-ի Մեծ պալատը սկսեց Փերինչեքի գործի քննությունը:

Դողու Փերինչեքը ներգրավված է եղել նաև «Էրգենեքոնի» գործում, որը ծրագրում էր Թուրքիայում տապալել «Արդարություն և զարգացում կուսակցության» իշխանությունը: Թուրքական դատարանը 2014թ. նրան դատապարտել է 117 տարվա ազատազրկման։ Թուրքիայի կառավարությունը 2015թ. սկզբին Փերինչեքի վրայից հանել է երկիրը լքելու արգելքը՝ նրան հնարավորություն տալով մասնակցելու ՄԻԵԴ-ի Մեծ պալատում դատալսումներին։

Մեկնաբանել